Մեջլիսում Փայլանի՝ հայերեն «Աստված հոգիդ լուսավորի։ Շատ ապրես, Հրանտ» խոսքը x-ով է նշվել
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) ներկայացուցիչ Գարո Փայլանը մեջլիսում անդրադարձել է Դինքի սպաանության գործին։ Հունվարի 18-ին տեղի ունեցած նիստի ժամանակ Փայլանն ու իր կուսակցությունը առաջարկել են Դինքի գործի բացահայտմանն ու նման դեպքերի կանխարգելմանն ուղղված խորհրդարանական հետաքննություն անցկացնել, սակայն ԺԴԿ-ի առաջարկը չի ընդունվել օրակարգ, գրում է ermenihaber.am-ը: Հրանտ Դինքի մասին իր ելույթի ավարտին Փայլանը հայերենով ասել է․ «Աստված հոգիդ լուսավորի։ Շատ ապրես, Հրանտ»։ Սակայն մեջլիսի արձանագրություններում Փայլանի խոսքերի փոխարեն միայն «X» նշանն է դրվել։ Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանում հնչած արաբերեն և քրդերեն արտահայտությունները ևս արձանագրություններում նշվել էին «X» նշանով։
