Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ կարգավորման՝ 14 կետից բաղկացած հուշագիրը
ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը բաղկացած է 14 կետից, որոնց թվում է Հորմուզի նեղուցի բախումը, նավթի վաճառքի հետ կապված պատժամիջոցների վերացումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr-ը։
Ըստ գործակալության՝ փաստաթուղթը ներառում է հետևյալ համաձայնեցված դրույթները՝ բոլոր ճակատներում մարտերի անհապաղ դադարեցում, այդ թվում՝ Լիբանանում, 30 օրվա ընթացքում ծովային շրջափակման վերացում և ԱՄՆ ուժերի դուրսբերում Իսլամական Հանրապետությանը սահմանակից տարածքներից, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Իրանի վերակառուցման առնվազն 300 միլիարդ դոլարի ծրագրերի ներկայացում, իրանական նավթի և նավթամթերքի վաճառքի նկատմամբ պատժամիջոցների դադարեցում։
Բացի այդ, ըստ փաստաթղթի, Իրանը և ԱՄՆ-ն 60 օրվա ընթացքում կանցկացնեն միջուկային հարցի շուրջ բանակցություններ, որոնց արդյունքներով կստորագրվի համաձայնագիր։
Ըստ գործակալության՝ միջուկային հարցի շուրջ բանակցություններ սկսելու համար Իրանը որպես պայման է առաջադրել 12 միլիարդ դոլարի ակտիվների ապասառեցումը, շրջափակման վերացումը և նավթային պատժամիջոցների դադարեցումը։
Այնուամենայնիվ, Իրանի հրթիռային ծրագրի և տարածաշրջանում «դիմադրության առանցքի» ուժերի աջակցության հարցերը չեն ներառվել ԱՄՆ-Իրան հուշագրի տեքստում, հաղորդում է Mehr-ը։
