Էժան գազ գոյություն չունի, դա միֆ է, հեքիաթ. Արմեն Մանվելյան
Երեկ ՔՊ խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը, անդրադառանալով գազի սակագնի հավանական բարձրացմանը, ասել էր, թե «գազի ավելի էժան առաջարկներ կան»։
Aysor.am-ի հետ զրույցում Էներգետիկ և միջազգային հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանն այս հայտարարությանն ի պատասխան նշել է.
«Էժան գազ գոյություն չունի, դա միֆ է, հեքիաթ, որին ցավոք, կան մարդիկ, ովքեր հավատում են։ Եթե Եվրոպայում գազի գինը ներկայումս մոտ 500 դոլար է, չեմ կարծում, թե եվրոպացիներն այնքան միամիտ են, որ չգիտեն, թե որտեղից կարելի է ավելի էժան գազ գնել։
Տարածաշրջանում գազ ունի Ադրբեջանը, որը հիմնականում վաճառում է Թուրքիային և Եվրամիությանը՝ երկարաժամկետ պայմանագրերով։ Թուրքիային, օրինակ, վաճառում է մոտ 300 դոլարով։ Համեմատության համար՝ մենք Ռուսաստանից գազ ենք գնում մոտ 175 դոլարով։
Մյուս տարբերակը Իրանի Իսլամական Հանրապետությունն է, բայց այս պատերազմից հետո չեմ կարծում, որ նրանք կկարողանան զգալի ծավալներով գազ արտահանել, հատկապես, երբ այդ գազն իրենց էլ է անհրաժեշտ։ Բացի այդ, ժամանակին Իրանը Թուրքիային գազ էր վաճառում մոտ 400 դոլարով։
Բավականին էժան գազ ունի նաև Թուրքմենստանը, սակայն այնտեղ գազային ոլորտում հիմնական ներդրումները կատարել են չինացիները։ Կարելի է ասել՝ դա արդեն «չինական գազ» է, քանի որ դրա հիմնական մասը գնում է Չինաստան և այնտեղ էլ սպառվում»։
Մանվելյանն ընգծում է, որ ոչ միայն էժան գազի տեսլական չկա, այլ նաև հունվարի մեկին գազի գնի բարձրացում կլինի, եթե իշխանությունը վերարտադրվի։
