ԱՄՆ-ն կարող է դոլարային փոխանակման գիծ բացել Թուրքիայի հետ
Ամերիկյան «Bloomberg» պարբերականը նյութ է հրապարակել, որտեղ նշվում է, որ նախագահական ընտրություններից առաջ ԱՄՆ-ն կարող է դոլարային փոխանակման (dolar swap) գիծ բացել Թուրքիայի հետ։ Նշենք, որ Թուրքիայում ընտրություններ տեղի կունենան 2028-ին։ Ըստ պարբերականի՝ այս հնարավոր աջակցությունը կամրապնդի արտարժույթի պահուստները և կբարձրացնի շուկայի վստահությունը:
Ընդդիմադիր «Sözcü» լրատվական կայքի վերլուծաբան Օզան Բինգյոլը նշել է, որ հավանական է, որ նման գումարը անխուսափելիորեն կհանգեցնի մի փուլի, երբ դրա համար անհրաժեշտ կլինեն քաղաքական զիջումներ: Թուրքիայում, անկախ նրանից՝ արտահերթ ընտրություններ են, թե հերթական ընտրություններ, ընտրական տնտեսությունը գործի է դրվում: Իսկ ի՞նչ է իրականում բերում այս ընտրական տնտեսությունը:
Օրինակ՝ հարկային համաներումներ, ճանապարհային տուգանքների համաներումներ, դրա հետ մեկտեղ՝ ամենացածր կենսաթոշակի բարձրացում, նվազագույն աշխատավարձի բարձրացում, բոնուսներ։
«Jefferies International»-ի կողմից պատրաստված զեկույցում էլ նշվում է, որ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Թուրքիային տրամադրվող հնարավոր դոլարային փոխանակման գիծը կարող է լինել նույն կերպ, ինչպես Արգենտինային էր առաջարկվել նախորդ տարի։ Դա կամրապնդի Թուրքիայի արտարժույթի պահուստները, կբարձրացնի շուկայի վստահությունը և կնպաստի թուրքական լիրայի արժեզրկումը կառավարելուն ուղղված ջանքերին։
Ermenihaber
