Գուրգեն Արսենյանի «արձակուրդը» ընդհատվել է, շտապ վերադարձել է Մոսկվա. 168.am
168.am-ի տեղեկություններով՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանն արագացված ընթացակարգով կրկին մեկնել է Մոսկվա։ Նա, հիշեցնենք, Հայաստան էր վերադարձել մայիսին Երևանում կայացած ԵՄ գագաթնաժողովից հետո. Արսենյանին այդ ժամանակ հրավիրել էին Ռուսաստանի ԱԳՆ և բողոքի նոտա փոխանցել՝ ԵՄ գագաթնաժողովի ժամանակ Երևանում Ուկրաինայի նախագահ Զելենսկու հնչեցրած հայտարարությունների պատճառով։ Գուրգեն Արսենյանը, սակայն, այդ ժամանակ ասել էր, թե բողոքի նոտան իրեն փոխանցելն ու իր՝ Հայաստան վերադառնալը զուգադիպություն են, միմյանցով պայմանավորված չեն։
Այժմ արդեն նա կրկին Մոսկվա է վերադառնում։
«ՀՀ իշխանությունը Ռուսաստանի կտրուկ քաղաքական մեսիջներից ու գործողություններից հետո որոշել է հետագա ռիսկի չդիմել և Արսենյանին «վերադարձնել» դիվանագիտական ծառայության՝ ճգնաժամը չխորացնելու և ռուսական կողմի հետ եզրեր գտնելու նպատակով»,- գրել է 168.am-ը։
Հիշեցնենք՝ այս օրերին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ռուսաստանում է գտնվում՝ Հայաստանի ղեկավարության՝ ԵՄ-ի հետ մերձեցմանն ուղղված քայլերի հետ կապված խորհրդակցությունների նպատակով։
