Հոգևորականներն ու հավատացյալները միասնաբար աղոթեցին անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար
Արագածոտնի թեմն այսօր դարձյալ համախմբվել էր միասնական աղոթքի։
Թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ, հոգևոր դասի մասնակցությամբ, Չքնաղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում կատարվեց միասնական ժամերգություն:
Թեմի հոգևոր դասին աղոթակից էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Իզմիրլյան ԲԿ-ի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը:
Հոգևորականներն ու հավատացյալները միասնաբար աղոթեցին անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի և զավակների, հայրենիքի և Սուրբ եկեղեցու անսասանության համար:
Ժամերգության ընթացքում իր խոսքն ու պատգամը հավատացյալների փոխանցեց Սուրբ Ստեփանոս եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը:
Տեր Հայրն իր խոսքում անդրադառնալով Իր զավակների հանդեպ ունեցած Տիրոջ անսահման սիրուն, պատգամեց հավատարիմ մնալ քրիստոնեական այն կերպարին ուր արժեքներին,որոնք Աստված պարգևել է մարդկությանը և նշեց. «Աստված ասաց.ես սեր եմ և սիրում եմ նրան, ով ինձ սիրում է և կապրեմ նրա մեջ, ով սեր ունի ու սիրո հանդեպ վերաբերմունք գիտի:
Այսօր մենք եկել ենք տաճար, որ ասենք. Տե՜ր արթնացրու մեր սերը, եթե այն կորցրել ենք»:
Միատեղ ու միասիրտ աղոթքն ավարտվեց Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով ու Հայրապետական մաղթերգով։
Միասնական հաջորդ ժամերգությունը կկատարվի հունիսի 5-ին, ժամը 19:00-ին, Կոշի Սուրբ Ստեփանոս վանքում:
