Էբոլայից ապաքինման առաջին դեպքն է գրանցվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) գրանցվել է էբոլա վիրուսից ապաքինման առաջին դեպքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին մայիսի 29-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
«ԿԴՀ-ն հաղորդել է, որ մայիսի 27-ին հիվանդն ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից», – լրագրողներին ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչ Անաիս Լեգանդը։
Նրա խոսքով՝ սա առաջին դեպքն է այն հիվանդների շրջանում, որոնց մոտ հաստատվել է էբոլա վիրուսով վարակվելու փաստը։
«Սա առաջին մարդն է, որը բժշկական օգնության կենտրոնից դուրս է գրվել երկու բացասական թեստերից հետո», – նշել է նա։
Լեգանդը հայտնել է, որ այսօրվա դրությամբ ԱՀԿ-ն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գրանցել է էբոլայի 17 հաստատված և 223 ենթադրյալ մահվան դեպք։ Ընդամենը գրանցվել է վարակման 125 հաստատված և ավելի քան 900 ենթադրյալ դեպք։
«Մենք ակնկալում ենք, որ ավելի շատ մարդիկ կապաքինվեն», – ասել է նա։
Էբոլայի «Բունդիբուգյո» շտամի դեմ բուժման պատվաստանյութ չկա։ Այս շտամից մահացությունը կարող է հասնել 50%-ի։
