Ո՞վ է Արցախի ներկայացուցչության շենքը «խլելու» որոշում կայացրած դատավորը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչական դատարանի նախագահի՝ Կարեն Զարիկյանի հրապարակած վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում անվավեր է ճանաչվել Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Վճռի արդյունքում, ըստ ներկայացված իրավական գնահատականների, Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի սեփականության իրավունքը դուրս է եկել Արցախի տնօրինման շրջանակից։
Դատավարական գործընթացի ընթացքում, ինչպես նշում է իրավաբան Ռոման Երիցյանը, դատարանը հրաժարվել է Արցախի Հանրապետությանը ներգրավել որպես երրորդ անձ, ինչի հետևանքով վերջինս զրկվել է իր շահերը ուղղակիորեն պաշտպանելու հնարավորությունից։ Երիցյանն այս որոշումը որակել է որպես անհիմն և աբսուրդային՝ հայտարարելով, որ պատրաստվում է այն բողոքարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։ Վարչական դատարանի նախագահը տվյալ գործով եղել է Կարեն Զարիկյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, թե ի՞նչ եկամուտներ ունի դատավորը, որի որոշմամբ տեղի է ունեցել վիճահարույց դատական ակտը։
2024 թվականի հայտարարագրի տվյալներ
Ըստ 2024 թվականի հայտարարագրի՝ նա 1 տարում 2 բնակարան է ձեռք բերել Երևանում՝ մեկը՝ Աջափնյակում, ձեռք բերված հեղափոխությունից հետո՝ 2019 թվականի սեպտեմբերի 17-ին՝ համատեղ սեփականությամբ, և մյուսը՝ Արաբկիր վարչական շրջանում՝ ձեռք բերված 2019 թվականի ապրիլի 23-ին։ Նույն հասցեով առկա է նաև ավտոկայանատեղի՝ համատեղ սեփականությամբ։
Տրանսպորտային միջոցների շարքում նշված է 2020 թվականի արտադրության JEEP մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2023 թվականի մայիսի 23-ին, սակայն նույն տարվա ընթացքում օտարվել է 3 միլիոն 850 հազար դրամով։ Հայտարարագրված է նաև 90 և ավելի օր փաստացի տիրապետվող HONDA 2023 թվականի արտադրության մեքենա։
