«Միլիարդների մսխում», «Լենինի դին՝ սուրբ մասունք». Նախընտրական թեժ կրքեր ՌԴ-ում

Նավալնին հրապարակեց հերթական «կոռուպցիոն» հետաքննության արդյունքները Ռուսաստանում նախընտրական պայքար կամաց-կամաց թեժանում է... ՌԴ արդարադատության նախարարությունը դիմել է դատարան՝ պահանջելով լուծարել «Տարվա հինգերորդ եղանակ» հիմնադրամը, որը կազմակերպում է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի քարոզչական արշավը: Հենց այս հիմնադրամն է, ըստ էության, աշխատանքի ընդունում Նավալնիի շտաբերի աշխատակիցներին, նրանց աշխատավարձեր վճարում ու տարածքներ վարձակալում հավաքների համար: Մոսկովյան դատարանը ՌԴ Արդարադատության նախարարության հայցը կքննի մեկ շաբաթից՝ հունվարի 22-ին: Առաջին անգամը չէ, որ Նավալնիի հիմնադրամը հայտնվում իշխանությունների թիրախում: Ամիսներ առաջ էլ Արդարադատության նախարարության աշխատակիցներն արտահերթ ստուգումների համար էին թակել «Տարվա հինգերորդ եղանակի» դուռն ու շաբաթներ շարունակ կաթվածահար արել այդ կառույցի աշխատանքները: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Կրեմլին մոտ կանգնած իրավաբաններից մեկը՝ Իլյա Ռեմեսլոն, ընդդիմադիր գործչին մեղադրել էր ֆինանսական մեքենայությունների մեջ: Մինչ իշխանությունները մեծացնում են ճնշումը Նավալնիի և նրա աջակիցների նկատմամբ, Պուտինի մոլի քննադատ, կոռուպցիայի դեմ իր ծավալած պայքարով հայտնի այս գործիչը Կրեմլին վերաբերող նոր փաստեր ու թվեր է հրապարակում: Հենց այսօր Նավալնիի պաշտոնական կայքում տեղադրված հետաքննությունը պնդում է՝ Ռուսաստանի պահուստային ֆոնդը, որում տարիներ շարունակ կուտակվում էին նավթի վաճառքից ստացված եկամուտները, տարեսկզբին լուծարվել է, դրանում եղած գումարներն էլ՝ անհետացել: Պաշտոնական բացատրության համաձայն, հիմնադրամի հաշվին միջոցներն այնքան քիչ են եղել, որ կառավարությունը նպատակահարմար է գտել դրանք միավորել Ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցների հետ: «Այդ դեպքում ու՞ր անհետացան մեր բոլորի նավթադոլարները»,- հարց է հնչեցնում ընդդիմադիր գործիչը, հիշեցնելով՝ դեռ մի քանի տարի առաջ այդ հիմնադրամի հաշվին ոչ ավել, ոչ պակաս՝ 972 միլիարդ ռուբլի կար: Կառավարության հավաստմամբ, դրանց հաշվին ֆինանսավորվել են բյուջեի մի շարք կարևոր ծրագրեր, մինչդեռ, Նավալնիի նոր հետաքննությունը բոլորովին այլ պատկեր է բացահայտում: «77 միլիարդ տրամադրվել է լրատվամիջոցներին, որպես պետական աջակցություն, 108 միլիարդ՝ «Վնեշէկոնոմբանկի» գողերին, բանկ, որը ֆինանսավորում էր կոռուպցիոն ու ակնհայտ անհեռանկար ծրագրեր: Այս գումարները, բնականաբար, որևէ մեկը չի վերադարձրել, վնասն էլ փոխհատուցվել է մեր նավթային եկամուտների հաշվին: 194 միլիարդ ռուբլի, որպես դոտացիա՝ Ղրիմին, 68 միլիարդի սուբսիդիա էլ՝ Ռուսական երկաթգծին: Իհարկե, մենք պարտավոր ենք սուբսիդավորել այս ընկերությունը, չէ՞ որ պատմել ենք, որ պետական այդ ընկերության նախկին տնօրենը առանձնատներ է կառուցել՝ հատուկ մորթե վերարկուների պահեստարանով: Նրան ակնհայտորեն պետք է հավելյալ աջակցություն տրամադրել»,- հեգնում է ընդդիմադիր գործիչը: Սակայն այսքանով Նավալնիի բացահայտումները չեն ավարտվում, վերջինս պնդում է, թե Կրեմլը մսխում է նաև «Ազգային բարեկեցության հիմնադրամի» միլիարդները, որոնցով, ըստ կանոնադրության, պետք է երաշխավորվեր ռուսաստանցիների ապահով ապագան: «Օրինակ՝ 3 միլիարդ դոլար այստեղից մենք որպես աջակցություն տվել ենք Վիկտոր Յանուկովիչին, երբ նա վերջին օրերն էր անցկացնում Ուկրաինայի նախագահի պաշտոնում: Այդ գումարները, հասկանալի է, վաղուց են մոխրացել: Վլադիմիր Պուտինի փեսան՝ Կիրիլ Շամալովը, վարկ է ստացել «Սիբուր» ընկերության համար, որի բաժնետերերից մեկն է: 150 միլիարդ ռուբլի է ստացել Պուտինի ընկեր Գենադի Տիմչենկոն՝ իր ընկերության՝ «Նովատեկի» համար: «Մեր երկրին բարգավաճման պատմական հնարավորություն էր տրված, սակայն մենք այն օգտագործեցինք, որպեսզի Պուտինի փեսային, ընկերներին ու հենց Պուտինին հարուստից դարձնենք շատ հարուստ»,- պնդում է Նավալնին՝ ռուսաստանցիներին կոչ անելով բոյկոտել մարտին կայանալիք նախագահական ընտրությունները: Նավալնիի աջակիցներն այսօր դիմել են Մոսկովյան իշխանություններին՝ հունվարի 28-ին հանրահավաք ու երթ անցկացնելու համար, որի ընթացքում մտադիր են ներկայացել բոյկոտի ծրագիրը: Ընդ որում, Նավալնիի շտաբի հաղորդմամբ՝ իրենք մտադիր են իրազեկման նման երթեր ու հավաքներ անցկացնել ռուսաստանյան 100 մեծ ու փոքր քաղաքներում: Իշխանություններն, իրենց հերթին, մտադիր չեն ձեռքերը ծալած նստել: Դեռ անցած ամիս նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրապարակավ առաջարկել էր իրավապահներին՝ ստուգել, թե որքանով են Նավալնիի հայտարարությունները համապատասխանում ռուսաստանյան օրենսդրությանը: Այսօր արդեն փորձագետները չեն բացառում, որ Կրեմլի հրահանգով ՌԴ խորհրդարանը կարող է արագացված կարգով օրենսդրական փոփոխություններ ընդունել և քվեարկությունը բոյկոտելու կոչերը դարձնել քրեորեն պատժելի, ասենք՝ «ծայրահեղականության դեմ պայքարի» շրջանակներում: Պուտինը կոմկուսի գաղափարախոսությունը համեմատում է քրիստոնեության հետ ՌԴ նախագահ, մարտին կայանալիք ընտրություններում նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինն իր նախընտրական շտաբի մամուլի քարտուղար, լրագրող Անդրեյ Կոնդրաշովի հեղինակած «Վալաամ» ֆիլմում կոմունիստական գաղափարախոսությունը համեմատում է քրիստոնեության, իսկ բոլշևիկյան պետության հիմնադիր Վլադիմիր Լենինի մարմինը՝ քրիստոնեական սրբերի մասունքերի հետ: Օրերս, ՌԴ դաշնային հեռուստաընկերությունները ցուցադրել են Կոնդրաշովի ֆիլմից հատվածներ, ինչից հետո Պուտինի հիշյալ խոսքը դարձել է երկրում ամենաքննարկվող թեմաներից մեկը: Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Լենինի դամբարանի հետագա ճակատագրի հարցը Ռուսաստանում պարբերաբար բարձրացվում ու բուռն վեճերի առարկա է դառնում: Հանրության մի հատվածը համարում է, որ երկիրը չի կարող լիարժեք կերպով զարգանալ, քանի դեռ բոլշևիկյան առաջնորդի դին ցուցադրվում է մայրաքաղաքի կենտրոնում: Ռուսաստանի գործող նախագահն ու արդեն չորրորդ անգամ նախագահական աթոռին հավակնող Վլադիմիր Պուտինը Կոնդրաշովի ֆիլմում նաև ասում է․ «Լենինը դրվել է դամբարանում, ինչո՞վ է նրա մարմինը ուղղափառների կամ պարզապես քրիստոնյաների համար տարբերվում սրբերի մասունքներից: Երբ ինձ ասում են, թե քրիստոնեական աշխարհում նման ավանդույթ չկա, ես հակաճառում եմ՝ գնացեք Աֆոն և նայեք՝ այնտեղ սրբերի մասունքներ կան, և այստեղ՝ Վալաամում Սերգեյի և Հերմանի սուրբ մասունքները կան»: Կոմունիզմը քրիստոնեության հետ համեմատելիս Պուտինը նաև հիշեցնում է․ «Ազատություն, եղբայրություն, հավասարություն, արդարություն, այս ամենը կա Սուրբ գրքում»: Նրա խոսքով՝ կոմունիզմն, «ըստ էության», Աստվածաշնչի պարզունակ տարբերակն է, կոմունիստները նոր բան չեն հորինել: Ռուսաստանի կոմունիստական կուսակցության որոշ ներկայացուցիչներ, մեկնաբանելով Պուտինի այս խոսքերը, նշել են, թե նման հայտարարություններով վերջինս պարզապես ցանկանում է շահել ձախ ուժերի համակրանքն ու համապատասխան ընտրազանգվածի քվեները: Մինչդեռ երկու տարի առաջ՝ 2016 թվականի հունվարին ևս Պուտինը հայտարարել էր, թե կոմունիստական գաղափարախոսությունը նման է քրիստոնեությանը: Նա, մասնավորապես, նշել էր, թե ինքը մոտ 20 տարի հանդիսացել է կոմկուսի անդամ ու թեև կուսակցական գործիչ չի եղել, սակայն, ի տարբերություն ուրիշների, իր կուսակցական տոմսը չի այրել ու մինչ օրս պահում է: Պուտինը քննադատել է ԱՄՆ-ին, խոստացել պատասխան սանկցիաներ Ռուսաստանում նախընտրական քարոզարշավը թևակոխել է ակտիվ փուլ: Թերևս, առավել հագեցած քարոզարշավ է իրականացնում գործող նախագահ Վլադիմիր Պուտինը․ նա տարբեր հանդիպումներ է ունենում բանվորների, դպրոցականների, մամուլի ներկայացուցիչների հետ։ Դաշնային հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերում այդ հանդիպումները լուսաբանող ռեպորտաժները զգալի տեղ են զբաղեցնում: Պուտինը հանդիպել է ռուսաստանյան մամուլի մի շարք ներկայացուցիչների հետ ու մի շարք ուշագրավ հայտարարություններ արել։ Նա, մասնավորապես, պնդել է, թե հակակոռուպցիոն պայքար իրականացնող ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին 2018-ի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու համար ԱՄՆ-ի կողմից աջակցություն է ստացել: Ինչպես միշտ, Պուտինն այս անգամ ևս Նավալնիի անունը չի հնչեցրել, նշելով․ «Բացի այդ անձնավորությունից, ում մասին դուք խոսում եք, Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այլ մարդկանց նույնպես չի գրանցել, բայց Միացյալ Նահանգները միայն նրա [Նավալնու] համար են մտահոգություն հայտնել, հավանաբար այն պատճառով, որ հենց նրան են ուզում տեսնել Ռուսաստանում որպես իշխանություն: Ավելի լավ է նրանք նման հայտարարություն չանեին, իրենց մատնեցին»,- երեկ հայտարարել է Պուտինը։ Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին, հիշեցնենք, Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չգրանցեց որպես նախագահի թեկնածու, պատճառաբանելով, թե վերջինս դատվածություն ունի: Նավալնին բողոքարկել է այդ որոշումը ՌԴ Գերագույն դատարանում, սակայն, այդ ատյանում ևս արդյունքի չի հասել: Ընդդիմադիր գործիչն այժմ մտադիր է այդ հարցի առնչությամբ դիմել երկրի Սահմանադրական դատարան: Պաշտոնական Վաշինգտոնը և Բրյուսելն իրենց մտահոգությունն են հայտնել Նավալնիին որպես թեկնածու չգրանցելու կապակցությամբ՝ քննադատելով ՌԴ ԿԸՀ-ի այդ որոշումը: Անդրադառնալով առաջիկա փետրվարից ուժի մեջ մտնող ամերիկյան նոր պատժամիջոցներին, Ռուսաստանի ղեկավարն ասել է՝ կտեսնեն, թե ինչ պատժամիջոցներ են դրանք ու կորոշեն՝ ինչպիսի պատասխան տալ. «Իհարկե այդ պատժամիջոցներն անօրինական են և վատացրել են ռուս-ամերիկյան հարաբերությունները»: Պուտինն անդրադարձել է նաև Սիրիայում ռուսական ռազմաբազաների վրա վերջերս կատարված հարձակումներին, համոզմունք հայտնելով, թե Թուրքիան դրանց հետ կապ չունի: ՌԴ նախագահը խոսել է նաև Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի մասին, մասնավորապես, նշելով, թե վերջինս գրագետ ու հասուն քաղաքական գործիչ է ու հյուսիսկորեական միջուկային ծրագրի շուրջ հակամարտությունից հաղթող է դուրս եկել. «Նա լուծել է իր ռազմավարական խնդիրը, ունի միջուկային զենք, 13 հազար կիլոմետր հեռահարությամբ հրթիռ, որը կարող է խոցել ցանկացած կետ իր հնարավոր հակառակորդի տարածքում»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am