Որեւէ ընդդիմադիր եթե նման սպառնալիքներով հանդես գար, վաղուց կալանավորված կլիներ. Ռոբերտ Քոչարյան
Նախընտրական քարոզարշավը (Փաշինյանի ջանքերով) վաղուց է դուրս եկել օրենքի սահմաններից։ Այս մասին Աշոցքում ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Անդրադառնալով վարչապետի պահվածքին, նրա անզուսպ վարքին ու բացահայտ սպառնալիքներին՝ Քոչարյանը կրկնել է այն միտքը, թե այդ հիվանդը կարեկցանքի կարիք ունի, իսկ պատճառների մասին պետք է հարցնել հոգեբույժներին։
Հարցին, թե արդյոք քարոզարշավը դուրս չի եկել օրենքի շրջանակներից, քաղաքական գործիչը նշել է, որ վաղուց է դուրս եկել։ «Պատկերացնում եմ, որ եթե որևէ ընդդիմադիր նման սպառնալիքներով հանդես գար, արդեն կալանավորված կլիներ, ենթադրում եմ, որ բարեկամներից էլ որոշ մարդկանց տարած կլինեին։ Ամեն ինչ վաղուց դուրս է եկել օրենքի շրջանակներից և մեր ժողովուրդը պետք է համաչափ արձագանք տա, իսկ այդ համաչափ արձագանքը կլինի հունիսի 7-ին «ՔՊ»-ին» հասցրած ապտակը»։
Նա նշել է, որ վիրավորանքներն, ըստ էության, վերաբերում են ոչ միայն Արցախի 150 հազար բնակիչներին, որոնց Փաշինյանը կշտամբել էր չզոհվելու համար, այլև Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդներին:
Անդրադառնալով Մարտի 1-ի գործի բացահայտման մասին հայտարարություններին՝ Քոչարյանը նշել է, որ ոչ մի սպանություն բացահայտված չէ, իսկ իշխանություններն աշխատում են չխորանալ, որպեսզի հանկարծ իրենց վրա դուրս չգան:
Աշոցքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
