Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան
Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասել է ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:
«Հայաստանում և սփյուռքում յուրաքանչյուր հայ պետք է հատուկ ուշադրություն դարձնի ու նշանակություն տա Ադրբեջանի կողմից առաջ քաշված «Արևմտյան Ադրբեջան» գաղափարին: Սա վերացական ինչ-որ բան չէ, սա լուրջ ծրագիր է Ադրբեջանի կողմից, և նրանք բավական վճռական են այն իրականացնելու։ Դրա իրականացումը այսօրվա իշխանությունների գոյության պայմաններում շատ ավելի ռեալ է դառնում։ Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին։
Այսօր ադրբեջանական բանակը մխրճվել է Հայաստանի տարածք, օկուպացրել է ու նպատակ չունի հետք քաշվելու։ Նրանք գտնվում են Ջերմուկի բարձունքներում, Սյունիքի բարձունքներում, Տավուշում։ Վերջերս հենց Սյունիքում Փաշինյանի արած հայտարարությունը, որ իբր պաշտպանում է Սյունիքը և հանգստացնում է ժողովրդին, թե այդպիսի հարց չկա ու Սյունիքը Հայաստանի անբաժան մաս է, այդ հայտարարությամբ ինքը խոստովանություն է անում, որ այդ հարցն էլ է տապալել, դրանով ինքը Սյունիքը արդեն վիճելի տարածք է դարձրել, ադրբեջանցիք էլ լսում են, դա նշանակում է՝ ինքը բանակցություններում լավ գիտի, որ իր առաջ այդ խնդիրն էլ է դրվել»,- նշել է Օսկանյանը:
