14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել
Համացանցում լուրեր կան, որ Տավուշի մարզում անչափահաս աղջկա նկատմամբ սեռական գործողություններ են իրականացվել, դա տեղի է ունեցել 2023 թվականին, Բերդ համայնքի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղում։
Գյուղից տեղեկացանք, որ 14 տարեկան աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ կասկածվել են միջինից մեծ տարիքի 2 տղամարդիկ, որոնցից մեկը երբեք ամուսնացած չի եղել, մյուսը 3 անգամ ամուսնացած է եղել, սակայն երեխաներ չունի։ Տղամարդիկ գյուղի ծայրին ապրող աղջկա հարևաններն են եղել։
Բերդի համայնքապետին կից գործող խնամակալության և հոգեբարձության հանձնաժողովից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ 2023 թվականին ոստիկանությունը գրություն է ուղարկել խնամակալության և հոգեբարձության հանձնաժողով, տուժած աղջկա հարցաքննությունը կատարվել է հրավիրված հոգեբանի և Բերդի համայնքապետարանի աշխատակից, իրավաբան կնոջ մասնակցությամբ, ով Վ․ Կարմիրաղբյուրի բնակիչ է, եւ ներկայումս չի աշխատում համայնքապետարանում։ Խնամակալության և հոգեբարձության հանձնաժողովից տեղեկացանք, որ տուժած աղջկա հայրը կարծես մտավոր խնդիրներ ունի։ Նա 2023 թվականին հրաժարվել է իր աղջկա խնամակալությունից։ Աղջկա մայրը մահացած է, հայրը և պապը զբաղված են իրենց տնտեսությամբ` անասուն են պահում:
2024թ․ մայիսի 15-ին Տավուշի մարզի դատախազ Գ. Հակոբյանը, հիմք ընդունելով Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի քննիչի եզրակացությունը՝ որոշել է դադարեցնել քրեական հետապնդումը 14-ամյա աղջկա նկատմամբ սեռական գործողությունների մեջ մեղադրվող Վ․ Կարմիրաբյուրի բնակչի հանդեպ, նրա նկատմամբ խափանման միջոցը վերացնել։
Ուշագրավ է, որ դատախազի այդ որոշման մեջ նշված է մեկ, ոչ թե 2 տղամարդու անուն։ Դեպքի հանրայնացումից հետո 14-ամյա աղջիկը Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցում ուսումը շարունակել է առցանց, հետո տեղափոխվել է Բերդ քաղաք, որտեղ ապրող մորական տատը նշանակվել է աղջկա խնամակալ։ Բերդում ապրելու ընթացքում աղջիկը հանրակրթական դպրոց է հաճախել։ 2025թ․ նոյեմբերին աղջկա տատը հրաժարվել է իր թոռնուհու հանդեպ խնամակալությունից, դա պատճառաբանելով նրանով, որ թոռան նկատմամբ կատարվածի ոչ պատշաճ, ոչ օրինական քննություն են կատարել, մեղավորներին չեն բացահայտել։
Համայնքի խնամակալության և հոգեբարձության հանձնաժողովի անդամները փորձել են աղջկա տատին համոզել, որ նա չհրաժարվի թոռնուհու խնամակալությունից, սակայն նա չի փոխել իր որոշումը։ Աղջիկը տեղափոխվել է Երևանի խնամքի կենտրոններից մեկը։ Բերդ համայնքի խնամակալության և հոգեբարձության հանձնաժողովից մեզ հայտնեցին, որ իրենք մշտապես կապի մեջ են աղջկա հետ, պատրաստ են հնարավորինս աջակցել աղջկա հետ կատարվածի համակողմանի քննության գործին։
Մեր աղբյուրները հայտնեցին, որ անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերությունների վերաբերյալ քրեական գործը քննվել է թերի, եթե կատարվեր լիարժեք քննություն, ապա կարող էին բացահայտվել 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություններ ունեցած ոչ միայն նշված 2 անձինք, այլ նաև ուրիշ համագյուղացի տղամարդիկ։
Վերոհիշյալ 2 տղամարդկանց անուն-ազգանունները մեզ հայտնի են, սական հարգելով անմեղության կանխավարկածը՝ զերծ ենք մնում հրապարակելուց։
