Փաշինյանը շարունակում է «քշել» այսպես ասած թալանի թեման՝ բարոյապես մաշելով իր իսկ ընտրազանգվածին. քաղաքագետ
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը իր վարչապետության ութերորդ տարում շարունակում է «քշել» այսպես ասած թալանի թեման, «թալան վերադարձնելու» թեման, ըստ էության բարոյապես մաշելով իր իսկ ընտրազանգվածին: Ինչու՞ եմ սա բնորոշում իր իսկ ընտրազանգվածի բարոյական մաշում: Որովհետեւ, այդ ընտրողները մի կողմից ծափ են տալիս նրա այդ խաղարկումներին հերթական անգամ, մյուս կողմից իհարկե առնվազն ենթագիտակցության խորքում այլեւս անխուսափելիորեն հասկանում են, որ մարդը պարզապես արդեն ոչ թե պարզապես ֆռռացնում է իրենց, այլ ուղղակի՝ ծաղրում:
Եվ, եթե Նիկոլ Փաշինյանը պահպանի իշխանությունը, ապա այն այլեւս կորցնելու է հենց այն մարդկանց հուսահատ գործողությունների հետեւանքով, որոնց ծաղրված լինելու զգացումը ենթագիտակցությունից անխուսափելիորեն հասնելու է գիտակցության:
Սա կարող է շատերի համար դիտարկվել իբրեւ մտացածին մի տրանսֆորմացիայի նկարագրություն, բայց դա պատմական օրինաչափություն է: Անգամ ծաղրն ու նվաստացումը, որ կարող է թվալ հալած յուղ, պետք է ունենա չափ ու զգացում, որովհետեւ այն անցնելու դեպքում այլեւս վերածվում է դեպի «հատուցում» անշրջելի մի գործընթացի:
Նիկոլ Փաշինյանը, որ այդ առումով իհարկե լավ է տիրապետում հանրային սոցիալ-հոգեբանությանը, անշուշտ գիտակցում է դա, համոզված եմ, որ գիտակցում է: Հետեւաբար հարց է առաջանում՝ ինչու՞ է շարունակում այդպես «քշել» այսպես ասած թալանի թեման: Համարում է, որ այն դեռ չափի մե՞ջ է, թե՞ պարզապես ինքն է հայտնվել անշրջելի մի գործընթացում, որտեղ այլեւս չկան արգելակներ:
Երկու դեպքում էլ Փաշինյանի համար ճակատագրական գիծ է լինելու այդ պայմաններում իշխանություն վերարտադրելը, նաեւ այդ ծաղրի գնով իշխանություն վերարտադրելը: Եվ սա էլ, ինքն անկասկած՝ գիտակցում է:
Բայց խնդիրըւ իհարկե ինքը չէ, այլ Հայաստանը: Ինքը կարող է իրեն տանել այդ անշրջելության ճանապարհով, ինքը թող մտածի իր ճակատագրի մասին: Հայաստանի քաղաքացիները պետք է մտածեն Հայաստանի ճակատագիրը այդ անշրջելիությունից անջատելու մասին, որի համար նվազագույն անհրաժեշտություն է անջատել իրարից՝ Նիկոլ Փաշինյանին ու Հայաստանի կառավարման ղեկը»:
