«Միդոկալմ» դեղամիջոցի դեֆիցիտ է դեղատներում. Քաղաքացիներն ահազանգում են
Ֆեյսբուքյան օգտատերերը վերջին օրերին ահազանգում են, որ շուրջ երկու ամսից ավելի է՝ հայաստանյան դեղատներից իսպառ անհետացել է Mydocalm («Միդոկալմ») դեղամիջոցը, ինչպես նաև՝ դրա մի շարք փոխարինողներ։
Քաղաքացիների պնդմամբ՝ դեղամիջոցը չի տրամադրվում նաև պոլիկլինիկաների կողմից տրվող անվճար դեղերի շրջանակում, ինչն առանձնակի խնդիրներ է առաջացրել այն պացիենտների համար, ովքեր մշտապես օգտագործում են այն։
Aysor.am-ը կապ հաստատեց մի քանի դեղատնային ցանցերի հետ։ Հայտնեցին, որ «Միդոկալմ»-ը ներկայումս առկա չէ, իսկ շուկայում դեղամիջոցի դեֆիցիտ կա։ Թե երբ այն կրկին հասանելի կլինի՝ դեղատներից հստակ ժամկետներ չնշեցին։
Հարցի առնչությամբ մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեցինք նաև ՀՀ առողջապահության նախարարության հետ, որտեղից տեղեկացրին, որ խնդիրը նախարարության տիրույթում չէ։
Թե ինչո՞վ է պայմանավորված դեղամիջոցի բացակայությունը, արդյո՞ք խոսքը ներմուծման, գրանցման կամ մատակարարման խնդիրների մասին է՝ առայժմ պարզ չէ։
