Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն
Խոսել Արցախի բարբառով՝ Արցախի մասին, ներկայացնել Արցախը հենց արցախցու աչքերով: Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում արցախյան շունչն էր թևածում:
«Հիշում ենք, որ կորուստի չմատնվենք, հիշում ենք, որ վերադառնանք»: Այս միտքն էր կարմիր թելի պես անցնում յուրաքանչյուրի խոսքում Արցախին նվիրված ցուցադրության բացմանը: Տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես Արցախի հերոսական պայքարի, հաղթանակի օր և հենց այդ օրվան էր նվիրված ցուցադրությունը, որը մայիսի 10-ին բացվեց Մոսկվայում: Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն իր օրհնության խոսքում նշեց, որ Արցախը թեպետ ավերված է և ամայի, բայց միշտ մեզ հետ է: «Մեր սրտերն այնտեղ են, որտեղ մեր սրբավայրերն են, մեր արցախյան եկեղեցիները:
Այսօրվա ցուցադրությունը մեր բողոքն է Արցախի դավաճանական հանձնման դեմ, մեր Արցախում հայկական հոգևոր ժառանգության բարբարոսական ոչնչացման դեմ, մեր բողոքն է նեոնացիզմի, ահաբեկչության ու ցեղասպանության դեմ»,-ասաց Եզրաս սրբազանը:
Արցախի Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշեց, որ հայ ժողովուրդը կանգնած է հայրենիքը կորցնելու վտանգի առաջ և պետք է միասնական գործել ընդդեմ չարի: Նա նաև խոսեց բռնագաղթած արցախահայերի և Բաքվում պահվող գերիների իրավունքների պաշտպանության մասին: «Ամեն օր բոլոր ատյաններում պիտի խոսենք գերիների վերադարձի մասին: Եթե կան գերիներ, ուրեմն Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում ամեն ինչ լուծված չէ, ուրեմն այդ խաղաղությունը իմիտացիա է»,-ասաց Ա. Ղուլյանը:
Արցախին նվիրված ցուցադրության պատկառելի հատվածը գրքերն էին: Տարբեր ժամանակներում տպագրված գրքերի ընտրանին ներկայացնում էր Արցախի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, քաղաքական անցուդարձը, ժողովրդի կենցաղն ու ավանդույթները: Թանգարանում պատշաճ տեղ էր հատկացված Արցախի ռելիեֆային քարտեզին, որը Եզրաս սրբազանի նախաձեռնությամբ պատրաստվել է Հայաստանում և տեղափոխվել Մոսկվա: Քարտեզի վրա խորաքանդակներով մանրակրկիտ ներկայացված են Արցախի եկեղեցիները, գետերը, լեռները, բնակավայրերը՝ իրենց հայկական անուններով:
Արցախի գեղատեսիլ բնությունը, բնակավայրերը, երկհարկանի փայտե տներով նեղլիկ փողոցները, եկեղեցիներն ու սրբությունները ներկայացված էին արմատներով արցախցի չորս նկարիչների կտավներում:
Մինչ սրահ մտնելը հյուրերին դիմավորում են արցախյան գորգերը՝ վառ գույներով, ազգային նախշազարդերով ու խորհրդաբանությամբ, որոնք անշփոթելի են ու անկրկնելի: Դրանք համաշխարհային մշակութային գանձարանում արդեն հազար տարի է իրենց տեղն ու դիրքն ունեն, թեպետ Ադրբեջանը միջազգային հարթակներում փորձում է ներկայացնել հայկական գորգարվեստը՝ որպես իրենց մշակույթի մի մաս: Եվ ոչ միայն գորգարվեստը, այլև հայկական ժառանգությունն ընդհանրապես: Չբավարարվելով դրանով, հիմնահատակ ոչնչացնում է Արցախի հայկական սրբություններն ու եկեղեցիները: Այս մասին իր խոսքում նշեց ակադեմիկոս, բժիշկ Արմայիս Քամալովը: Նա ընդգծեց, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի միջազգային հանրությունը տեղեկանա ու դատապարտի այդ եղերագործությունը:
«Տապան» թանգարանում այսուհետ մշտապես կցուցադրվեն Արցախի քարտեզը, արցախցու խաղաղ ու ստեղծագործ կյանքի մասին պատմող կտավներն ու լուսանկարները, որոնք ինչպես հայ, այնպես էլ օտարազգի այցելուների համար հսկայական հարստություն են և վկայություն՝ Արցախի հայկականության մասին:
