Նոր օրենք է ընդունվել
Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրենսդրական նախաձեռնությունը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումից հետո իրենք ներկայացրել էին առաջարկներ, որոնք հեղինակների կողմից ընդունվել են, ուստի երկրորդ ընթերցմամբ կողմ են քվեարկելու: Քրեական օրենսգրքում ավելանում է դրույթ, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Նույն արարքը, որը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է ազատազրկմամբ`3-7 տարի ժամկետով: Նախագծին միաձայն կողմ քվեարկեց 92 պատգամավոր:
