Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը
Ուկրաինական պատվիրակությունը Միացյալ Նահանգներում քննարկել է պատերազմը դադարեցնելու նպատակով ղեկավարների մակարդակով հանդիպումների և բանակցությունների ձևաչափերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում գրառման մեջ նշել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նա հայտնել է, որ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար, Ուկրաինայի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովն իրեն զեկուցել է ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ իր հանդիպումների արդյունքների մասին։
«Կարևոր է, որ Ամերիկան շարունակի ներգրավված լինել դիվանագիտության մեջ և, մասնավորապես, հանդես գա որպես միջնորդ գերիների փոխանակման հարցում։ Շփումները շարունակվում են անհրաժեշտ մակարդակով՝ փոխանակման ձևաչափի շուրջ համաձայնության գալու համար։ Ցուցակները ներկայացվել են, և մենք ակնկալում ենք, որ ամերիկյան կողմն ակտիվ կլինի այս համաձայնագրի իրականացումն ապահովելու հարցում», – նշել է Զելենսկին գրառման մեջ։
Զելենսկու խոսքով՝ Ումերովը նաև զեկուցել է Ուկրաինայի միջազգային կապերի մասին՝ «ԱԹՍ-ների շուրջ համաձայնագրեր» ծրագիրը մշակելու համար։
«Մենք արդեն աշխատում ենք մոտ 20 երկրի հետ տարբեր փուլերում. արդեն ստորագրվել է չորս համաձայնագիր, և այդ համաձայնագրերի շրջանակներում մշակվում են առաջին պայմանագրերը։ Այլ երկրների հետ ընթանում են քաղաքական համաձայնագրերի նախապատրաստական աշխատանքներ, որոնք կհարթեն ճանապարհ բիզնեսի համար», – ասել է Զելենսկին։
Նա նաև նշել է, որ այս համաձայնագրերի շրջանակներում Ուկրաինան արդեն իսկ տեսնում է նախնական արդյունքներ էներգետիկ անվտանգության, մասնավորապես՝ վառելիքի մատակարարման ոլորտում։ Ակնկալվում են նաև լրացուցիչ ֆինանսական եկամուտներ։
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան պատրաստվում է ընդլայնել համագործակցությունն «ԱԹՍ-ների շուրջ համաձայնագրեր» ծրագրի շրջանակներում՝ ներառելով աշխարհի նոր տարածաշրջաններ, որոնց մասին շուտով կհայտարարվի։
Ուկրաինական պատվիրակության՝ Վաշինգտոն այցից առաջ նախագահ Զելենսկին Ռուստեմ Ումերովին հանձնարարել էր ամերիկյան կողմի հետ քննարկել երեք կարևոր ուղղություն։ Հիմնական առաջնահերթությունների թվում էին արդար խաղաղության հասնելու քայլերի համակարգումը, պաշտպանական աջակցության ամրապնդումը և մարդասիրական հարցերի լուծումը, մասնավորապես՝ բանտարկյալների ազատ արձակումը։
Ումերովն ամերիկյան պատվիրակության հետ հանդիպել է մայիսի 8-ին։
