Ծեծկռտուք Ռեալի հանդերձարանում. Վալվերդեն գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Մադրիդի «Ռեալի» ճամբարում լարված իրավիճակ է։ Թիմի ֆուտբոլիստներ Օրելիեն Չուամենիի և Ֆեդերիկո Վալվերդեի միջև կոնֆլիկտը վերածվել է ծեծկռտուքի, որի հետևանքով ուրուգվայցի կիսապաշտպանը հայտնվել է հիվանդանոցում։
Ինչպես հաղորդում է Marca պարբերականը, սա խաղացողների միջև վերջին օրերի ընթացքում ծագած արդեն երկրորդ միջադեպն է։ Ըստ Carrusel Deportivo-ի աղբյուրների՝ հինգշաբթի օրը հանդերձարանում տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ Վալվերդեն վայր է ընկել և գլխով ուժգին հարվածել սեղանին։ Ստացած վնասվածքի պատճառով ֆուտբոլիստին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։
Հայտնի է, որ միջադեպից հետո «Արքայական» ակումբը կարգապահական վարույթ է սկսել։ Ակնկալվում է, որ մեղավոր ֆուտբոլիստները խստագույնս կպատժվեն ակումբի ղեկավարության կողմից։
Ուշագրավ է, որ թիմի ներսում այս լարվածությունն առաջացել է Իսպանիայի առաջնության վճռորոշ հանդիպումից անմիջապես առաջ։ Կիրակի օրը՝ մայիսի 10-ին, մադրիդյան ակումբն արտագնա խաղում ուժերը կչափի «Բարսելոնայի» հետ։ Սպասվող «Էլ Կլասիկոն» կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
Հանդիպումն ունի սկզբունքային նշանակություն, եթե «Ռեալն» այս խաղում միավորներ կորցնի, ապա կատալոնական ակումբը ժամկետից շուտ կապահովի Լա լիգայի չեմպիոնի տիտղոսը։
Armsport
