«Երեխաները խոսում են ու դողում․ ասում են՝ «Չասեք իրենց, մեզ կսպանեն»»․ինչ է պատմում մանկապղծության ենթարկված երեխաների հարևանուհին
Վեդիում տեղի ունեցած աղմկահարույց դեպքի շրջանակում մանկապղծության զոհ դարձած երեխաների հարևանուհին News.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել երեխաների կյանքի պայմանների, նրանց նկատմամբ կիրառված բռնությունների և հոգեբանական ծանր վիճակի մասին։
Նրա խոսքով՝ երեխաները մեծացել են ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում․
«Իմ աչքի առաջ են մեծացել երեխաները։ Գնացել են դաշտերում, վագոնչիկ են վարձել՝ 10 հազար դրամով նստել են, ապրել են, գոյատևել են։ Ոչ մի օգնություն Վեդիից չի գնացել»։
Կնոջ խոսքով՝ դպրոցի հավաքարարն է տեսել, որ մանկապիղծը երեխային քաշքշելով փորձել է նստեցնել մեքենան։
«Ճանապարհին հավաքարարն է բռնել երեխային։ Երկու օր տաքսու վարորդը՝ բեմուրազ Դավոն, կանգնել երեխուն քաշելով մտցրել է ավտոն։ Դպրոցի հավաքարարը ավելով ծեծել է երեխային, ձեռից առել»։
Նրա փոխանցմամբ՝ կատարվածից հետո երեխան ծանր հոգեբանական վիճակում է հայտնվել։
«Երեխուն տանջել են, մի շաբաթ անկողնային պառկած է եղել։ Տնօրենն ու դասատուները զարմանում էին՝ ինչու երեխաները դպրոց չեն գալիս։ Եկել են տուն, տեսել են՝ երեխան բեհուշ ընկած է»։
Կինը նշում է, որ երեխաները մինչ օրս վախի մեջ են ապրում և դժվարությամբ են խոսում տեղի ունեցածի մասին։
«Պատկերացրեք՝ հիմա ինչ հոգեկան վիճակում են այդ երեխաները։ Խոսում ես՝ դողում են։ Ասում են՝ չասեք իրենց, մեզ կսպանեն»։
