Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա
Արարատը մեր տարածաշրջանում խաղաղության բնական խորհրդանիշն է։ Հայկական դիվանագիտության այսօրվա սնանկության ամենավառ ապացույցը Արարատի «ջնջումն» է։ Այսօրվա հայ դիվանագետները լուրջ դեմքերով բանակցում են հակաբնական, անհնարին բաների շուրջ։
Արարատը կա և ոչ մի տեղ չի կորելու` մեր տեսադաշտից, մեր պատմությունից, մեր մշակույթից, մեր երգերից, մեր սրտերից։ Այն հյուսված է մեր ամենօրյա, սովորական կյանքին։ Այն պարզապես կա, և վերջ։
Եթե դուք բանակցում եք ի սկզբանե անհնար մի բանի շուրջ, ապա այդ բանակցությունները կեղծ են։ Դուք մասնակցում եք ֆիկտիվ, ստի վրա կառուցված մի պրոցեսի։ Հարցրեք ինքներդ ձեզ` ուրեմն ինչի՞ համար են այդ բանակցությունները։
Մեր տարածաշրջանում, ինչպես և ամենուր, պատմությունը, կյանքն ու աշխարհագրությունը միահյուսված են։ Թուրքիայի սահմանին մենք ունենք Արաքս գետը և Արարատը։ Այս երկուսը կարող էին դառնալ խաղաղության ու հարևանության բնական խորհրդանիշներ։ Այդպես էլ կլիներ, եթե բանակցությունները տարվեին խաղաղ հարևանության հասնելու նպատակով։
Ո՞րն է, վերջը, այս բանակցությունների նպատակը։ Ջնջե՞լը, թե՞ ստեղծելը։ Թղթի վրա ջնջել Արարատի պատկե՞րը։ Թե՞ օգտվել Արարատի բնական դիրքից ու վեհությունից ու հենվել նրան` որպես մի ծնողի, որն իր թևի տակ է առնում հարևանությամբ բնակվող ժողովուրդներին։ Վերստեղծել Արարատը` որպես խաղաղության, բարիդրացիության խորհրդանիշ։ Այ սա' կլիներ «ռեբրենդինգ», բրենդինգի սիրահարներ։
Մոտեցումը հենց այդպիսին էլ կլիներ, եթե սրանք լինեին իրական բանակցություններ։ Շատ ավելի բնական կլիներ, եթե բանակցող մյուս կողմը, հրաշալի ճանաչելով Արարատին նայող ժողովրդի պատմությունը, նրա ապրումները, հարգեր և ընդուներ այդ նվիրական զգացմունքը` որպես իր հարևան երկրի համար բացառիկ թանկ և հետևաբար` հարգանքի արժանի մի խորհրդանիշ։
Այսօր Արարատի «ջնջման» շուրջ բանակցող հայկական դիվանագիտական միտքը հենց միայն այդ դրվագով ապացուցում է իր անկարողությունը և սեփական երկրի ու ժողովրդի հանդեպ եզակի արհամահրանքը։
Աշխարհաքաղաքականությունը երկու արմատ ունի` նախ աշխարհագրություն ու հետո նոր` քաղաքականություն։ Աշխարհագրությունից է ծնվում իրական քաղաքականությունը, և մեր քաղաքական հիմնական ձախողումները հենց այդ աքսիոմից փախչելու պատճառով են։
Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա։
Հնարավոր չէ այնքան ժամանակ, քանի դեռ մենք ապրում ենք Արարատյան դաշտավայրում։
Վախենալու միտք է այցելում, երբ հիշում ես, որ Արցախի պարագայում նախ դուք այն ջնջեցիք թղթի վրա, հետո նրանք այն ջնջեցին ֆիզիկապես։ Ի՞նչ է լինելու հիմա։ Թղթի վրայից Արարատը Արարատը ջնջելուն ի՞նչ է հաջորդելու։
Լիլիթ Բլեյանի էջից
