Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները
Ըստ թուրքական Yeni Safak պարբերականի, Ֆրանսիայի նախագահ՝ Մակրոնի կողմից միջուկային սպառնալիքները Թուրքիայի հասցեին, որոնք նա հնչեցրել էր Աթենքում իսկական բողոքի փոթորիկ է առաջացրել Թուրքիայում:
Ի պատասխան՝ թուրքերը խոստացան մեկընդմիշտ «լուծել» Հունաստանի և Կիպրոսի հարցերը։
Ըստ պարբերականի վերլուծաբան Իբրահիմ Քարագուլի՝ Մակրոնն խոստացել է Հունաստանին, «միջուկային հովանոցով» ապահովել, ինչը թուրքերի ծիծաղն է առաջացրել:
Մարդ, ում ապտակում է իր կինը, և ում ծաղրում է Թրամփը, կշիռ չունի համաշխարհային քաղաքականության մեջ, փորձում է մասնակցել բոլոր հավաքներին և գիտակցաբար առաջ մղել իրեն, զգալով, իբր «նորօրյա Նապոլեոն», պարզապես ծիծաղի առարկա է դարձել միջազգային հարթակում, նշում է վերլուծաբանը:
«Մակրոնը և Ֆրանսիան փոքր խաղացողներ են: Մեզ համար Ֆրանսիայի առաջնորդի խոսքերն ու սպառնալիքները բացարձակապես ոչինչ չեն նշանակում։ Ի վերջո, նրա ղեկավարությամբ Ֆրանսիան շարժվում է դեպի 21-րդ դարի գլխավոր պարտվողի դիրք։ Հինգերորդ Հանրապետությունը վտարվել է Կենտրոնական Աֆրիկայի բոլոր երկրներից։ Նույնիսկ նախկին ֆրանսիական գաղութները դա լուրջ չեն ընդունում»,- նշում է թուրք վերլուծաբանը։
Աֆրիկայում իր ռեսուրսները կորցնելով՝ Ֆրանսիան բախվում է լուրջ տնտեսական ճգնաժամի։ Աշխարհաքաղաքական առումով երկիրը կորցրել է իր նախկին ազդեցության մեծ մասը թե՛ Աֆրիկայում, թե՛ Մերձավոր Արևելքում։ Ավելին, համաշխարհային ասպարեզում Մակրոնին այլևս լուրջ չեն ընդունում, և Ֆրանսիան այլևս չի համարվում առաջատար խաղացող, նշում է վերլուծաբանը։
Ֆրանսիացիները առաջինն էին, որ փախան Անատոլիայից, մասնավորապես Կիլիկիայից, և հիմա նրանք փախչում են նաև Աֆրիկայից։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո ֆրանսիացիները՝ բրիտանական օգնությամբ և հունական բանակի ջանքերով, գրավեցին Գազիանթեփը, Շանլյուրֆան և Քահրամանմարաշը։ Սակայն, երբ սկսվեց թուրքական դիմադրությունը, նրանք առաջինն էին, որ փախան Անատոլիայից։
Ֆրանսիան ունի իր սեփական ցավերից շատերը։ Մինչև վերջերս Ֆրանսիան ներկա էր Աֆրիկայում ամենուրեք, սակայն բոլոր տեղերից նա ստիպված նահանջում է։ Կենտրոնական Աֆրիկայի երկրները, մոտենալով Թուրքիային, ավելի ու ավելի են հեռացնում Ֆրանսիային։ Մակրոնն այս զայրույթն ուղղում է Թուրքիայի վրա, բայց այն լուրջ չի ընդունվում, նշում է թուրք վերլուծաբանը։
Ֆրանսիան ստիպված է խաղալ երկրորդական խաղացողների հետ, ինչպիսիք են Հունաստանը, Կիպրոսի հույն վարչակազմը, Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և այլ նմանատիպ երկրները և կառույցները: Նույնիսկ Միջերկրական ծովում ֆրանսիացիները չեն կարողացել զսպել Թուրքիային, նշում է վերլուծաբանը:
Հինգերորդ Հանրապետությունը, որը Սիրիայում քրդական ժողովրդական պաշտպանության ջոկատներին (YPG) ցուցաբերում էր ամեն հնարավոր աջակցություն, YPG-ի պաշտպանությունը համարում էր պատվի հարց և Lafarge-ի հետ համագործակցությամբ այդ կազմակերպության համար հազարավոր կիլոմետրեր երկարությամբ ստորգետնյա թունելներ էր կառուցել, երկու շաբաթում կորցրեց իշխանությունը Սիրիայի Արաբական Հանրապետությունում։ Ֆրանսիան միշտ աջակցում էր սխալ խաղացողներին և, կորցնելով իր «գործընկերներին», դուրս էր գալիս այն շրջաններից, որտեղ ներկայություն ուներ։
«Հունաստանը միջուկային հովանոցով պաշտպանելու» մոտեցումը կարող է ինքնասպանական լինել ոչ միայն Ֆրանսիայի, այլև Հունաստանի համար։ Կարծում եմ՝ նրանք պատշաճ կերպով հաշվի չեն առել այս բառերի իմաստը, իրենց օգտագործած սպառնալից լեզուն և հնարավոր հետևանքները, նշում է թուրք վերլուծաբանը։
Հունաստանի և Կիպրոսի հույն վարչակազմի ռազմական գործընկերությունը Իսրայելի հետ, նրանց տարածքում ամերիկյան բազաների ստեղծումը և Էգեյան կղզիների ամերիկա-իսրայելական զենքով զինումը արդեն գնահատվել են որպես «անխուսափելի սպառնալիք» Թուրքիայի համար: Այժմ Ֆրանսիան միացել է այս ճակատին՝ Իսրայելի և Հունաստանի կողքին: Մակրոնը իր երկիրը դրել է Թուրքիայի դեմ առաջնագծում:
Նայեք Հորմուզի նեղուցին և մտածեք Սևծովյան նեղուցների մասին: Էգեյան ծովում և կղզիներում ռազմական ներկայությունը իրականացվում է՝ Բոսֆորը հաշվի առնելով: Այդ դեպքում անհրաժեշտ է «լուծում» տալ, Արևմտյան Թրակիայի և կղզիների վերաբերյալ հարցին: Էգեյան ծովի ծովային քարտեզը պետք է վերանայվի և կվերանայվի: Անատոլիան պետք է վերականգնի իր «բնական սահմանները»:
Հունաստանը և Կիպրոսի հույն վարչակազմը ձևավորել են ընդհանուր ճակատ։ Նրանք կնքում են ռազմական համաձայնագրեր և անցկացնում են զորավարժություններ։ Եվ նրանք այլևս նույնիսկ անհրաժեշտ չեն համարում թաքցնել այն փաստը, որ դա անում են Թուրքիայի դեմ։ Այս խաղացողները ձևավորում են արևմտյան ճակատ, որը ձգվում է Արևելյան Միջերկրական ծովից մինչև Սև ծով։ Այն վայրերը, որոնք մենք անվանում ենք ՆԱՏՕ-ի բազաներ, ծառայում են որպես Իսրայելի բազաներ։
Կիպրոսի հունական մասը և Հունաստանը վերածվել են իսրայելական կայազորների: Էգեյան ծովը դադարել է լինել թուրք-հունական խնդիր: Երկու երկրները վերածվել են արդեն հակաթուրքական ճակատի:
Սրանք պաշտպանական քայլեր չեն, այլ հարձակման նախապատրաստություններ։ Ռազմական ուժերի կենտրոնացումը Հունաստանում և Էգեյան ծովի կղզիներում, ինչպես նաև՝ Հունաստանի, Իսրայելի և Կիպրոսի հույն վարչակազմի միջև ռազմական դաշինքը՝ այս ամենը նպատակ ունի վերահսկողություն հաստատել Ստամբուլի և նեղուցների նկատմամբ։
Թուրքիան մի երկիր է, որը փոխում է խաղի կանոնները Պարսից ծոցից մինչև Արևելյան Աֆրիկա ձգվող լայն տարածքում՝ ստեղծելով նոր կանոններ և մեծացնելով իր ազդեցությունը Միջերկրական ծովում։
Ուշադրություն դարձրեք, թե ով կզբաղեցնի իր տեղը «մեծ փոթորկի» մեջ և ինչպիսին է իրենց վերաբերմունքը Թուրքիաի հանդեպ: Իսրայելն ու Հունաստանը չեն կարող վախեցնել Թուրքիային։ Ֆրանսիան նույնպես չի կարող։ Արևելյան Միջերկրական ծովից մինչև Սև ծով ձգվող նախապատրաստվող հարձակման առջև կանգնած՝ Թուրքիան չի մնա պաշտպանողական դիրքում, այլ կմեծացնի սպառնալիքը իր կողմից իր թշնամիների հանդեպ։
Որպեսզի Անատոլիան վերականգնի իր «բնական սահմանները», այսինքն Թուրքիաի մեջ ընդգրկվեն Արևմտյան Թրակիան և Էգեյան կղզիները, Անկարան պիտի վարի ավելի ագրեսիվ քաղաքականություն։ Մեկ սպառնալիքին բախվում է մյուսը։ Միայն պաշտպանությամբ այլևս հնարավոր չէ լուծել այս խնդիրները։
Ոչ մի երկիր չի կարող պաշտպանվել ծովի զրոյական կետում։ Ոչ մի երկիր չի կարող պատանդ մնալ իր սեփական ափերի մեջ։ Հետևաբար, մինչ մյուս երկրները կուտակում են օտարերկրյա ուժերը մեր սահմանների մոտ, անհրաժեշտ է վերաձևավորել Էգեյան ծովի քարտեզը։ Սա վաղ թե ուշ տեղի կունենա և Ֆրանսիան անզոր է կանխել դա, նշում է թուրք վերլուծաբանը։
Հարավային Կարոլինայի Սենատի թեկնածու Մարկ Լինչը հայտարարում է, որ ընտրվելու դեպքում Սուրբ Սոֆիան կհանձնի Հույն ուղղափառ եկեղեցուն: Քաղաքական գործիչը նաև մտադիր է ներկայացնել օրինագիծ, որը կարգելի Թուրքիայից բոլոր ներմուծումները մինչև Սուրբ Սոֆիան քրիստոնյաներին վերադարձնելը: Սա Արևմուտքի ենթագիտակցությունն է: Սա Ֆրանսիայի և Մակրոնի ենթագիտակցությունն է, զգուշացնում է թուրք վերլուծաբանը:
Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Իրանը, Եգիպտոսը և Պակիստանը պետք է հնարավորինս շուտ ստեղծեն «միասնական միջուկային վահան»։ Այս բոլոր երկրները պետք է դառնան միջուկային տերություններ։ Պետք է ստեղծվի տարածաշրջանային միջուկային հովանոց։ Ի վերջո, մեծ փոթորիկ է հասունանում և բոլոր երկրներին է սպառնում այն ահավիրքը, որն սպառնում է նաև Թուրքիային։
Մակրոնը այն տեսակի առաջնորդը չէ, որը կարող է անհանգստացնել Թուրքիային։ Ֆրանսիան այն տեսակի երկիր չէ, որը կարող է սահմանափակել Թուրքիային։ Բայց մենք ուշադիր հետևում ենք մեր սահմանների վրա կուտակվող մութ ամպերին։ Մակրոնը պարզապես վաղ է բացահայտում իր ծրագրերը, Մակրոնը յուրօրինակ Արևմուտքի «Գիքորն է», ով նախապես հրապարակում է այն, ինչ մտածում է, սակայն դեռ չեն խոսում այլ արևմտյան երկրներում։ Եթե նրանք ծրագրեր են կազմում, ապա մենք էլ ենք պատրաստվում մեր ծրագրերի կյանքի կոչմանը:
Մի երկիր, որը սպառնում է Թուրքիային միջուկային զենքով, այսուհետ կկորցնի իր քունը Բալկաններում, Միջերկրական ծովում, Մերձավոր Արևելքում, Կովկասում և Աֆրիկայում։ Թուրքիան դա անում է և կշարունակի անել։ Բայց համբերատար, լուռ, առանց ավելորդ աղմուկի, ամենահարմար պահին... եզրափակում է իր վերլուծությունը թուրքական Yeni Safak պարբերականի վերլուծաբան Իբրահիմ Քարագուլին:
Ինչ խոսք, կարծես այս հոդվածը յուրօրինակ զգուշացում լինի նաև հայ հանրության համար, որպեսզի Հայաստանը չհայտնվի 100 տարի առաջվա իրավիճակում, երբ հակադրվեց Ռուսաստանի և Թուրքիայի հետ, հույսը դնելով արևմտյան դաշնակիցների վրա և դրա արդյունքում կորցրեց իր տարածքների ավելի քան 80 տոկոսը և Ալեքսանդրոպոլի խայտառակ պայմանագրի կնքումից Հայաստանին փրկեց միայն ռուսական 11-րդ բանակը:
Սակայն արդեն ուշ էր, և Կարսը, Իգդիը, Նախիջևանն ու Լեռնային Ղարաբաղը արդեն փրկել հնարավոր չեղավ:
Կարողացանք պահել միայն Զանգեզուրն ու Գյումրին:
Կարծես մեզ են ուղղված Հայաստանի Առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու խոստովանությունները այն ժամանակաշրջանի դասերի մասին:
Մեր ժամանակներում, պատմությունը գրեթե նույնությամբ կրկնվում է և մենք՝ հայերս, իրավունք չունենք արդեն երկրորդ անգամ հայտնվել նույն վիճակում, քանզի այս անգամ մեզ արդեն ոչ մի 11-րդ բանակ չի փրկի, և կկորցնենք Հայաստանը ամբողջովին:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am
