ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ, ինչպես նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի ականակիր նավերն անցել են Հորմուզի նեղուցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CENTCOM-ը հաղորդագրություն է տարածել X հարթակում:
«ԱՄՆ ռազմածովային ուժերի կառավարվող հրթիռներով ականակիր նավերն այժմ գործում են Արաբական ծոցում՝ «Ազատություն» նախագծին աջակցության շրջանակում Հորմուզի նեղուցով անցնելուց հետո: Ամերիկյան ուժերն ակտիվորեն աջակցում են առևտրային նավերի տարանցումը վերականգնելու ջանքերին», – ասվում է հաղորդագրության մեջ:
CENTCOM-ը հավելում է, որ որպես առաջին քայլ՝ ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ «հաջողությամբ անցել է Հորմուզի նեղուցով» և ապահով կերպով շարունակում է իր ուղևորությունը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մերձավորարևելյան ժամանակով մայիսի 4-ի առավոտյան ԱՄՆ-ն կսկսի հակամարտության պատճառով Հորմուզի նեղուցում արգելափակված նավերի ուղեկցման գործողություն։
Իրանն իր հերթին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցում նավագնացությանն ԱՄՆ-ի կողմից ցանկացած միջամտություն կդիտարկվի որպես հրադադարի խախտում։ Իրանի զինված ուժերից խոստացել էին հարվածել այն նավերին, որոնք Հորմուզի նեղուց կմտնեն առանց թույլտվության:
