Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նախ հայտնի դարձավ ոչ թե հայկական պաշտոնական աղբյուրներից, այլ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներից։ Այնուհետև հայկական կողմը հաստատեց, որ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստանում է, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ Աղվերանում կայացել է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հերթական՝ 13-րդ նիստը։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2026 թվականի ապրիլի 29-ին Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ։ Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների կազմակերպչական և տեխնիկական հարցեր, համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի, սահմանազատման քարտեզի պատրաստման, ինչպես նաև սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրապարակման կարգերի նախագծերը։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Գրիգորյանն ու Մուստաֆաևը առանձնազրույց են ունեցել «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի» շուրջ։ Բացի այդ, կողմերը, գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկել են առևտրատնտեսական համագործակցության, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումների, ինչպես նաև տարանցիկ բեռնափոխադրումների հետ կապված հարցեր։

Սակայն հենց այստեղ է սկսվում գլխավոր հարցը․ ո՞ւմ հետ, ի՞նչ ձևաչափով, ի՞նչ օրակարգով և ի՞նչ պայմանավորվածությունների շրջանակում են Ադրբեջանի ներկայացուցիչները Հայաստանում հանդիպել գործարարների հետ։ Պաշտոնական հաղորդագրություններում այս հարցերի պատասխանները բացակայում են։

Հայաստանի հանրությունն այս պահին չգիտի՝ ովքեր են մասնակցել այդ հանդիպմանը, ինչ ոլորտներ են քննարկվել, արդյոք խոսքը միայն տնտեսական հնարավոր կապերի մասին է եղել, թե նաև տարանցիկ ուղիների, ենթակառուցվածքների, լոգիստիկայի կամ այլ զգայուն հարցերի։ Չկան մանրամասներ նաև այն մասին, թե արդյոք քննարկվել են Հայաստանի համար կենսական նշանակության թեմաները՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան, հայ գերիների վերադարձը, անհետ կորածների ճակատագիրը, Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը, ինչպես նաև Բաքվից պարբերաբար հնչող ագրեսիվ հայտարարությունները։Այս ամենը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Ադրբեջանի պաշտոնական և կիսապաշտոնական շրջանակները գրեթե ամեն հարմար առիթով շարունակում են Հայաստանի Հանրապետության տարածքի տարբեր հատվածներ ներկայացնել որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Բաքվի հռետորաբանության մեջ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունները ոչ միայն չեն նվազել, այլև հաճախ մատուցվում են որպես քաղաքական օրակարգ։ Այս ֆոնին ադրբեջանական բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան, այն էլ՝ առանց բավարար հրապարակային պարզաբանման, բնականաբար առաջացնում է լուրջ հարցեր։

Առավել խնդրահարույց է այն, որ Հայաստանի իշխանությունները, խաղաղության գործընթացի անվան տակ, հանրությանը չեն ներկայացնում բանակցությունների ամբողջական քաղաքական համատեքստը։ Եթե խոսքը սահմանազատման հանձնաժողովի տեխնիկական աշխատանքի մասին է, ապա հասարակությունը պետք է իմանա՝ ինչ սկզբունքներով է այն իրականացվում, ինչ քարտեզներ են կիրառվում, ինչ փուլում են աշխատանքները և արդյոք դրանք չեն առաջացնում նոր անվտանգային ռիսկեր սահմանամերձ բնակավայրերի համար։

Խաղաղությունը չի կարող կառուցվել փակ դռների հետևում՝ առանց հասարակության վստահության։

Ի վերջո, պետական մակարդակով թափանցիկությունը հատկապես կարևոր է այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է նախկինում պատերազմած և շուրջ երեք տասնամյակ թշնամական հարաբերություններ ունեցած երկրի պաշտոնյաների այցին։ Հանրությունը իրավունք ունի իմանալու՝ ինչ օրակարգով են նրանք եկել Հայաստան, ում հետ են հանդիպել, ինչ հարցեր են քննարկվել և արդյոք այդ քննարկումներում Հայաստանի պետական, անվտանգային և հումանիտար շահերը պատշաճ կերպով ներկայացվել են»։

դիտվել է 179 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ» Ժանդարմ տիկինը, որից դժգոհ է եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը Խոշոր ավտովթար՝ Տավուշում․ «Shacman» բեռնատարը բախվել է հողաթմբին և փակել ճանապարհը․ կա վիրավոր Ըստ ՔԿ-ի` քաղաքական ուժի անդամը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը և Երևան տեղափոխումը Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ լրագրողների հետ, այլ իշխանության․ Աբրահամյան Եղանակն առաջիկա օրերին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Փակ են «Ամբերդ» լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Քարաթափում՝ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ» Ինչ է հայտարարագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am