Անազնիվ պայքար
«Հրապարակ օրաթերթի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. Այս ընտրություններն ավելի ու ավելի շատ են նմանվում մի մրցակցության, որտեղ ռինգ դուրս եկած բռնցքամարտիկներից մեկի ձեռքերը կապել են եւ ասում են` կռվեք, կամ` վազքի մրցույթին մասնակցողներից մեկի ոտքերն են կապել ու ասում են` տեսնենք ով շուտ կհասնի ֆինիշին:
Անազնիվ մեթոդներով պայքար է հիշեցնում խորհրդարանական ընտրությունների այս փուլը: Իշխանությունը, օգտվելով հանրային միջոցներից կազմված պետական բյուջեից, ընտրակաշառքի դասական օրինակներ է ցուցադրում. կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացում, առողջապահության ապահովագրություն, տարբեր արտոնյալ վարկերի տրամադրում, տույժ-տուգանքների ներում: Եվ շահառուները չեն էլ գիտակցում, որ դա լավություն չէ, այլ մեր՝ բոլորիս վճարած հարկերից է արվում:
Ընտրակաշառքի մյուս ձեւերն էլ վատը չեն` փառատոներ, համերգներ, ասֆալտ, մանկապարտեզներ: Նորից պետական բյուջեից կամ իշխանությանը կցված օլիգարխների մեկենասությամբ: Սրան զուգահեռ՝ նաեւ ստի, վախի ու շանտաժի մեթոդներն են գործի դրվել. ով դրսից եկավ ընտրելու, «Զվարթնոցում» կձերբակալվի, ինչը բացահայտ կեղծիք է եւ անիրականանալի: Մենք չընտրվենք` պատերազմ կլինի. նորից կեղծիք է եւ խաբեություն:
Եվ ամենակարեւորը` Նիկոլ Փաշինյանի սիրելի գործիքն է լիարժեք աշխատում. բռնել, կալանավորել, քրեական գործեր հարուցել, նախընտրական փուլում ընդդիմության շարքերից կարեւոր դերակատարում ունեցող մարդկանց մեկուսացնել` ահուսարսափ տարածելով մյուսների շրջանում:
Մի պարզ արտահայտությունը դարձնել քրեական հետապնդման պատճառ` իբրեւ թե բարեգործության արգելքը խախտելու համար: Իսկ այդ նույն ժամանակ «Իմ քայլը» հիմնադրամն անխոչընդոտ գործում է, եւ հիմնադրամի նախագահը` վարչապետի կինը, այդ մասին խոսողներին մեղադրում է իրեն խոշտանգելու մեջ:
