Վաշինգտոնի գագաթնաժողովը հիմք է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը և հաշտեցմանը․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու համատեղ հռչակագրի ստորագրումը հիմք են դրել երկու երկրների միջև խաղաղությանը, հաշտեցմանն ու գործընկերությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահն այդ մասին ասել է «Գերնիկա» խաղաղության և հաշտեցման ամենամյա մրցանակաբաշխության մասնակիցներին հղած ուղերձում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արժանացել են «Գերնիկա» մրցանակին՝ երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։
Ալիևն իր ուղերձում նշել է, որ Ադրբեջանի ժողովուրդը քաջ գիտակցում է խաղաղության և հաշտեցման արժեքը։ Նրա խոսքով՝ այսօր Ադրբեջանը սովորում է ապրել խաղաղության մթնոլորտում։
«Մեզ համար դա նոր և արտասովոր զգացողություն է, քանի որ մեր անկախության վերականգնումից ի վեր մենք նման հնարավորություն չենք ունեցել։ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը նշանավորվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմամբ և համատեղ հռչակագրի ստորագրմամբ՝ դրանով իսկ վերջակետ դնելով երեք տասնամյակ տևած հակամարտությանը և հիմք դնելով մեր ժողովուրդների միջև խաղաղությանը, հաշտեցմանն ու գործընկերությանը։ Ներկայումս Ադրբեջանը հարմարվում է այս նոր իրականությանը և խաղաղ պայմաններում կյանքին։ Այս դրական մթնոլորտը և կայունության ու անվտանգության նկատմամբ աճող վստահությունը մեզ թույլ են տալիս առաջ շարժվել և ավելի շատ ժամանակ ու ռեսուրսներ տրամադրել մեր զարգացման օրակարգին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Նա հավելել է, որ քայլեր են ձեռնարկվում խաղաղությունն ամրապնդելու և այն գործնական գործողությունների վերածելու ուղղությամբ՝ շեշտելով, որ երկու երկրների հասարակություններն արդեն իսկ ականատես են լինում խաղաղության շոշափելի օգուտներին տնտեսական, առևտրային և այլ ոլորտներում։
Ալիևն ասել է, որ Ադրբեջանը պարզեցնում է իր տարածքով նավթամթերքների, ինչպես նաև երրորդ երկրներից ցորենի և այլ ապրանքների արտահանումը դեպի Հայաստան։
«Երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումները վճռորոշ նշանակություն ունեն տևական խաղաղության հաստատման համար։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կանոնավոր հանդիպումները՝ պետական մակարդակով իրականացվող նախաձեռնությունների հետ մեկտեղ, դրական ավանդ են ներդնում այս գործընթացում։ Ադրբեջանի և Հայաստանի օրինակը ցույց է տալիս, որ չնայած երկարատև հակամարտությանը, տառապանքներին և փոխադարձ անվստահությանը, խաղաղությանը կարելի է հասնել, երբ առկա է ուժեղ քաղաքական կամք և միջազգային աջակցություն»,- ընդգծել է Իլհամ Ալիևը։
