Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել պատժամիջոցների չարաշահումը
Չինաստանը կոչ է արել Միացյալ Նահանգներին դադարեցնել պատժամիջոցների սխալ գործելակերպը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ապրիլի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին խոսել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից չինական նավթավերամշակման գործարանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը՝ ենթադրաբար «Իրանի հետ կապերի» պատճառով։
ԱՄՆ-ն ապրիլի 24-ին հայտարարել էր, որ պատժամիջոցներ կկիրառի Չինաստանի հյուսիսարևելյան Դալյան նավահանգստային քաղաքում գտնվող Hengli Petrochemicals-ի նկատմամբ։ Այս քայլը խոչընդոտելու է ընկերության և իրանական նավթ տեղափոխող այլ ընկերությունների մուտքը ԱՄՆ ֆինանսական համակարգ։
Hengli Petrochemicals-ը իրանական նավթ գնող մի քանի տասնյակ չինական ընկերություններից մեկն է։
Առհասարակ, Չինաստանը համարվում է Իրանի նավթի ամենամեծ ընդհանուր գնորդը։
«Չինաստանը մշտապես դեմ է միակողմանի, անօրինական պատժամիջոցներին, որոնք հիմնված չեն միջազգային իրավունքի վրա։ Չինաստանը վճռականորեն կպաշտպանի իր ընկերությունների օրինական իրավունքներն ու շահերը», – Xinhua-ի փոխանցմամբ՝ ասել է ԱԳՆ խոսնակը։Նա կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել պատժամիջոցների չարաշահման իր սխալ գործելակերպը։
