Հայաստանը՝ ամբոխների տիրապետության տակ
Մինչև 2018-ը մեր պետությունը կառավարվել ու պահպանվել է փոքրաթիվ մտավորական ազնվականության խմբերի կողմից, ոչ երբեք՝ ամբոխի։ Իհարկե պետք է ընդունել, որ երբեմն, կամ նույնիսկ՝ հաճախ, կայացվել են որոշումներ կամ եղել են իրադարձություններ, որոնք խոր զայրույթ կամ հիասթափություն են առաջարցրել ոչ միայն հասարակության, ընտրազանգվածի կամ ժողովրդի մեջ, նաև սեփական էլիտայի ներկայացուցիչների մոտ։ Նման դեպքերում ինչուներին տրվել են լղոզված կամ ոչ ճշմարիտ պատասխաններ, որն էլ ավելի է խորացրել ներքին դժգոհությունները և խաթարել հավատը ընդհանուր գաղափարների հանդեպ։
Իսկ այսօրվա Հայաստանի պարագայում չունենք կառավարող մտավորական ազնվականություն։ Ներկա կառավարողները մտավորականներ չեն, առավել ևս՝ ազնվական։ Համենայն դեպս, եթե անգամ նրանք մտավորականներ են, ո՛չ մեր ցեղի։ Ո՛չ մեր երկրի։ Նրանք ամբոխի մեջ ամենաբարձր ճչացողներն են։ Նրանք այդպես էլ ամբոխից վերև չբարձրացան, նախամարդուն բնորոշ խանդավառությամբ և հերոսականությամբ ներկայացրին մանր հաղթանակները և լրբենի ոռնոցներով արդարացրին սեփական սխալները։ Թրիքի վրայի ճանճերը գրավեցին փեթակը և որոշեցին, որ մեզ մեղր պետք չէ։
Պետությունը գնում է խորտակման, երբ բարոյական ուժերը, որոնք պետության կազմավորման և պահպանման հիմք են հանդիսանում, կորցնում են իրենց իշխանությունը։ Վերջնական խորտակումը իրականացնում է անգիտակից ամբոխը (Գ. Լը Բոն)։ Այո, անգիտակից։ Քա՞նիսը կլինեին փողոցներում, եթե իմանային, որ կորցնելու ենք Արցախը։ Կորցնելու ենք այս ձևով։ Այսպես, որ արգելելու են անունն անգամ նշել։ Քչերը կլինեին փողոցներում։ Շատ քչերը։ Ուստի ճիշտ ապագան կառուցելու համար նախ պետք է հետ նայել, հասկանալ մեր սխալները, այն գործողություններն ու անգործությունները, որոնք պատճառ դարձան մեր պետության գաղափարական, արժեքային հիմքի խարխլմանը։ Պետք է կարողանալ ընդունել սեփական թերացումները։ Այսօրվա սխալները երեկվա թերացումների հետևանքն են։
Իսկ թերացումները շատ էին։ Այսօր ևս թերացումները շատ են։ Ահռելի։ Այսօր ևս մարդու մտքում աճում է անբարյացակամությունը իշխողների հանդեպ, այսօր ևս տեսնում ենք շուկայի ճանճերի տռփանքով լեցուն մղումը դեպի հարստություն ու իշխանության պահպանում։ Այսօր ևս մենք տեսնում են կառավարող ուժի ՝ «ինքնավերաարտադրումը որպես առաջնային պլան» ստրատեգիան։ Այսօր ևս տեսնում ենք կառավարողների կողմից տգեղ վարք, անգրագետ խոսք, անարգանք ընդիմադիր խոսքին։ Ուղղակի այսօր ծնվել են նոր տեսակի թերացումներ որոնք մեզ առաջներում չէին սպառնում։
Թմրամոլություն ու թմրանյութերի վաճառք՝ ամենուր, դպրոցներում։ Սպանություններ, դանակահարություններ՝ ամեն օր, փողոցներում։ Ողբերգական ավտովթարներ՝ ամեն օր, ճանապարհներին։ Հաճախ նույն ոստիկաններն են առավել աչքի ընկնող տգեղ կերպով խախտում երթևեկության կանոնները։ Անհանդուրժողականություն, ատելության խոսք՝ ամենուրեք, սոցիալական հարթակում։ Մենք, որպես մի համակարգ, ձնագնդի նման գլորվում ենք ներքև, և ամեն մի շրջապտույտին ավելի է ահագնանում մեղքը, ցավը, տանջանքը, դժգոհությունը, ցասումը։ Մենք հեռանում ենք դեպի մեր վատ տեսակը, և մնում է երկու ելք — ընկրկել կամ ընդվզել։
Հասել ենք այն բեկումնային պահին, ուր պետք որոշել, թե ինչպիսին կլինեն այն հիմնարար գաղափարները, որոնց վրա կկառուցվի մեր հասարակությունը։ Եվ այդ որոշողը ամբոխ-ընտրազանգվածն է։ Այստեղ սխալները ճակատագրական են։ Սխալվելու դեպքում կպարտվեն բոլորը, բացի փոքրաթիվ էլիտայից։
Ուղղակի մեր երկիրը կառավարում է ամբոխը։ Նրանք որոշում են անարգել փառավոր անցյալը, ջնջել այն, ինչ առաջներում հպարտություն էր ծնում։ Ուղղակի նրանք պրոֆեսիոնալ հեղափոխականներ են, բայց ոչ երբեևէ՝ պրոֆեսիոնալ նախարարներ, դիվանագետներ, տնտեսագետներ, մտածողներ։ Իսկ միջակ մասնագետը սպառնալիք է։ Մենք նորից չսովորեցինք սեփական սխալներից։ Սելի անիվը նորից կոտրվեց իր սիրած փոսում (Ա. Մեսչյան)։ Ուղղակի մենք գտնվում ենք ամբոխների տիրապետության տակ։ Նրանք այդպես էլ հեղափոխականից դեպի ղեկավար ռուբիկոնը չանցան։
Իսկ ամբոխն անանուն է, հետևաբար՝ անպատասխանատու։ Անհատները, որոնց միավորումով կազմվել է այս ամբոխը, առաջներում երբևէ աչքի չեն ընկել առանձնակի ուշագրավ բնազդային վատ հատկանիշներով կամ արարքներով։ Սակայն այժմ, ամբոխի մեջ ընդգրկվելով, հենց միայն քանակի շնորհիվ և, նաև օրենքի ուժով առավել պաշտպանված լինելու հանգամանքի ազդեցությամբ, ձեռք են բերել անպարտելի ուժի զգացում, որն էլ նրանց դրդում է այնպիսի բնազդների ու գործողություններ, որոնցից զերծ կմնային մենակ լինելու պարագայում։ Կվախենային։ Կսարսափեին այլոց վիրավորելուց կամ ուրիշի վրա թքելուց։ Լրագրողների հետ արհամարհանքով չէին շփվի։ Կոլեկտիվ հոգում նրանց անհատականությունները ջնջվեցին, և բոլորը միային դարձան նույնը։ Նրանք բոլորն էլ դարձան նույնը՝ մեկ-երկու տգեղ բառերով բնութագրվող անձինք։ Այս անհատները միասին դարձան ամբոխ և ոտնակոխ արեցին մատղաշ ցողունները։ Հեղափոխության օրերին ծնված մեր հույսերի բերրի դաշտերը փուշ ու տատասկ դարձրին։ Նրանք երբեք էլ չկարողացան, ու չեն կարող կատարել գործողություններ, որոնք բարձրագույն բանախոհություն են պահանջում։
Այնտեղ, ուր ամբոխն է անցնում, միայն ավերակներ են։ Իսկ նրանց իմացած ճշմարտությունն այն է, որ չկա ուրիշ՝ այլ ճշմարտություն։ Եվ միակ ճշմարիտ արժեքները իրենցն են, և բոլոր մյուսները թշնամիներ են։ Հայոց պատմության գեղեցիկ ու վեհ էջերին հաջորդում է անողնաշարավորների դինաստիայի սև հատորը։ Մենք կսկսենք նոր մաքուր էջի՞ց, թե՞ կշարունակենք այս ամոթագիրը, կդառնա՞նք տերը մեր երկրի, թե սեփական անգործությունը կբացատրենք անզորության պատճառաբանություններով։
Դա կիմանանք, կզգանգ որոշ ժամանակ անց։
Արմեն Հակոբյան
