Կայծակի հարվածներից զոհվել է առնվազն 14 մարդ
Բանգլադեշում, որտեղ այս օրերին հորդառատ անձրևներ ու սեզոնային ամպրոպներ են, կայծակի հարվածներից զոհվել է առնվազն 14 մարդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։
Տեղական իշխանությունները հայտնել են, որ զոհերի մեծ մասը բաց դաշտերում աշխատող ֆերմերներ և բաց տարածքներում հայտնված բանվորներ են։
Մի քանի մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոցներ, նրանցից մի քանիսը գտնվում է ծանր վիճակում։
Բանգլադեշում կայծակն ամեն տարի հարյուրավոր մարդկանց կյանք է խլում։ 2016 թվականին, երբ երկրում միայն մայիսին շանթահարվելու հետևանքով մահացավ ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ 82-ը մեկ օրում, Բանգլադեշում կայծակը հայտարարվեց բնական աղետ։
Մասնագետները նշում են, որ մահացու կայծակի հարվածների աճը կապված է անտառահատումների հետ։
