Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանին քննադատած պատմության ուսուցչի արդարացման դատական ակտը
Վճռաբեկ դատարանը բեկանել է Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հայտարարություններ կատարած պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի արդարացման դատական ակտը՝ օրինական ուժի մեջ թողնելով նրան մեղավոր ճանաչելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի դատավճիռը, գրում է «Փաստինֆոն»։
Հիշեցնենք, որ Հակոբ Գրիգորյանը պատմության ուսուցիչ է եղել Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում։ Ըստ մեղադրանքի՝ պատմության ուսուցիչը համաձայն չի եղել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և 2021 թվականի մայիսի 21-ին՝ 7-րդ դասարանի պատմության դասաժամին, խոսելով պատերազմի, Շուշին հանձնելու մասին, աշակերտների ներկայությամբ, իբր, հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերով, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել: Ուսուցչի հայտարարությունները ձայնագրվել են, հրապարակվել՝ «ֆեյսբուքյան» հարթակում, սակայն հայտնի չէ, թե ով է ձայնագրել ուսուցչի խոսակցությունը և որ էջում է հրապարակվել այն, միայն հայտնի է, թե այն իբրև հայտնաբերել ու զեկուցագիր է կազմել հետաքննության մարմնի աշխատակիցը։ Նախաքննության ընթացքում Գրիգորյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը և զղջացել կատարվածի համար, իսկ դատաքննության ընթացքում հայտարարել է, որ ողջունել էր Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, իրեն էր ընտրել ընտրություններում։
«2020-ի սեպտեմբերի 27-ի 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ պատմությունը, ցավոք, սպիրալաձև կրկնվում է՝ մեր համար շատ ողբերգական ելևէջներով: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, չեմ զբաղվել և ֆեյսբուքում չեմ եղել: Ուղղակի ֆեյսբուքի ծրագիրը քաշեցինք՝ դասի համար, հետո Zoom համակարգով արեցինք: Ոչ մի կուսակցության չեմ հարել կամ անդրադարձել»,-հայտարարել էր նա։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել Գրիգորյանին և դատապարտել 150 հազար դրամ տուգանքի։ Դատական ակտի դեմ բողոք է ներկայացվել Գրիգորյանի կողմից, որը բավարարվել է, արդյունքում՝ Վերաքննիչ դատարանը՝ կազմով դատավորներ
Մ.Արղամանյանի, Գ.Հովհաննիսյանի և Ռ.Պապոյանի, բեկանել է մեղադրական դատավճիռը՝ արդարացնելով Գրիգորյանին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
