ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ
Մենք՝ որպես Հայաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր գործչի շահերի ներկայացուցիչներ, նամակով դիմել ենք ԱՄՆ սենատորներ Ջին Շահինին և Թոմ Թիլիսին՝ ի պատասխան ընտրություններին միջամտելու նրանց փորձի։ Այս մասին գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
«Մեր համոզմունքն անփոփոխ է. Հայաստանին անհրաժեշտ են ազատ ու արդար ընտրություններ, ինչին այսօր ամենից շատ խանգարում է հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։
Նամակի հայերեն թարգմանությունը ներքևում․
ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ
22 ապրիլի, 2026 թ.
Սենատոր Ջին Շահինին Ավագ անդամ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով
Սենատոր Թոմ Թիլիսին Անդամ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով
Հարգելի՛ սենատորներ,
Մենք ներկայացնում ենք «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և Հայաստանի գլխավոր ընդդիմադիր գործիչ Սամվել Կարապետյանի շահերը։ Սույնով դիմում ենք ձեզ՝ կապված Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին ուղղված ձեր 2026թ. ապրիլի 17-ի նամակի հետ: Թեև ձեր նամակում պարոն Կարապետյանի անունը ուղղակիորեն չի նշվում, նկարագրությունն ակնհայտորեն վերաբերում է հենց նրան։ Մեզ հայտնի է նաև, որ նույնաբովանդակ նամակ է ուղարկվել Alphabet-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայիին: Այս նամակները ծայրաստիճան կանխակալ են և պետք է անհապաղ հետ կանչվեն:
Ձեր նամակները Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների կողմից իրականացվող պաշտոնական միջամտություն են ամերիկյան խոշոր տեխնոլոգիական հարթակների գործունեությանը՝ հայաստանյան խորհրդարանական քարոզարշավի թեժ փուլում: Որպես այդպիսին, դրանք ԱՄՆ պետական իշխանության կշիռը և Հայաստանի ժողովրդավարական գործընթացները խաթարելու լուրջ վտանգ են պարունակում: Երբ ազդեցիկ սենատորները հորդորում են մասնավոր հարթակներին գործել առաջատար ընդդիմադիր գործչի դեմ՝ առանց իրենց մեղադրանքների փաստական հիմքերը ներկայացնելու, նրանք ոչ թե պաշտպանում են ժողովրդավարության անաղարտությունը, այլ սպառնում են դրան:
Ամենամտահոգիչն այն է, որ ձեր նամակներում փաստերը փոխարինված են ենթադրություններով: Դուք, իրար հաջորդելով անուղղակի հղումներ, դրդում եք հարթակներին կարծել, թե պարոն Կարապետյանը ներգրավված է արտաքին միջամտության մեջ, սակայն չեք մատնանշում նրան վերագրվող որևէ կոնկրետ գործողություն, նրա վերահսկողության տակ գտնվող որևէ հաշիվ կամ էջ, նրա կողմից ուղղորդվող որևէ ցանց կամ անօրինական ֆինանսավորում: Սա պատասխանատու վերահսկողություն չէ. սա պաշտոնական դիրքի չարաշահում է՝ ապացույցների փոխարեն ակնարկների միջոցով կասկածներ հարուցելու համար: Խորհրդարանական ընտրարշավի պայմաններում նման գործելաոճը ոչ միայն զգալի վնաս է հասցնում պարոն Կարապետյանին, այլև անթույլատրելի միջամտություն է օրինական քաղաքական խոսքին և հայ ընտրողների՝ առանց արտաքին ճնշման սեփական ընտրությունը կատարելու իրավունքին: Ինչպես նշել է ԱՄՆ Գերագույն դատարանը Murthy v. Missouri (2024) գործով՝ երբ բարձրաստիճան պաշտոնյաները քաղաքական խոսքի հարցերում ճնշում են գործադրում առաջատար սոցիալական հարթակների վրա, նման հաղորդակցությունները չեն կարող դիտարկվել որպես լոկ խորհուրդներ՝ դրանք կրում են պաշտոնական պարտադրանքի կշիռ:
Ապրիլի 17-ի նամակում դուք պնդում եք, թե «ոչ մի օտարերկրյա տերության չպետք է թույլատրվի ազդել Հայաստանի ինքնիշխան որոշումների վրա»: Մենք լիովին համամիտ ենք դրա հետ: Սակայն այդ սկզբունքը չի կարող կիրառվել ընտրողաբար: Երբ Սենատի հանձնաժողովի անդամներն իրենց պաշտոնական դիրքն օգտագործում են՝ տեխնոլոգիական հսկաներին ընդդիմադիր առաջնորդի դեմ ուղղորդելու համար (հիմնվելով անհիմն մեղադրանքների վրա), նրանք հենց իրենք են միջամտում Հայաստանի ինքնիշխան ժողովրդավարական ընտրությանը։ Չի կարելի դատապարտել արտաքին միջամտությունը՝ միաժամանակ զբաղվելով դրանով:
Կոնգրեսի վերջին քննարկումներն ընդգծել են տեխնոլոգիական ընկերությունների վրա գործադրվող պաշտոնական ճնշումների վտանգը, հատկապես քաղաքական խոսքի հարցերում: Ձեր նամակները հենց այդ վտանգի մարմնացումն են: Ընտրարշավի վերջնագծին Meta-ին և Alphabet-ին ակնարկելը, թե ընդդիմադիր առաջնորդն ու նրա շարժումը «արատավորված են արտաքին մանիպուլյացիաներով», նշանակում է հրահրել լրացուցիչ ճնշումներ, սահմանափակումներ կամ անհավասար վերաբերմունք այդ ընդդիմության օրինական քաղաքական խոսքի հանդեպ: Սա չեզոք գործողություն չէ: Սա ակնհայտ առավելություն է տալիս Երևանում գործող իշխանություններին և լրացուցիչ խոչընդոտներ ստեղծում նրանց համար, ովքեր փորձում են ժողովրդավարական ճանապարհով մրցակցել իշխանության հետ:
Ձեր քայլը հատկապես անպատասխանատու է, քանի որ Հայաստանում ազատ և արդար ընտրությունների հիմնական սպառնալիքը բխում է ոչ թե դրսից, այլ հենց գործող կառավարության գործելաոճից: Վարչապետ Փաշինյանը խիստ քննադատության է ենթարկվում խոսքի, հավաքների և դավանանքի ազատության դեմ ոտնձգությունների, ինչպես նաև եկեղեցի-պետություն սահմանադրական հավասարակշռությունը խախտելու համար: Նրա նվաստացուցիչ հարձակումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդի վրա և քաղաքական ընդդիմախոսների, այդ թվում՝ մեր վստահորդի ձերբակալությունները, արդեն իսկ լուրջ հարցեր են առաջացրել քաղաքական բազմակարծության և ընտրական միջավայրի արդարության վերաբերյալ: Մինչդեռ կառավարությունը գտնվում է հանրային խիստ ճնշման ներքո՝ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120,000 հայերի բռնի տեղահանման և իր ղեկավարման օրոք տեղի ունեցած այլ ծանր ձախողումների պատճառով: Ձեր նամակն ամբողջությամբ անտեսում է այս իրականությունը:
Պարոն Կարապետյանը հանդես է գալիս հանուն այնպիսի ընտրությունների, որոնք կլինեն ազատ, արդար և զերծ ապատեղեկատվությունից կամ որևէ արտաքին ուժի, այդ թվում՝ Ռուսաստանի ազդեցությունից: Նա չի գործում Ռուսաստանի կառավարության անունից և մերժում է իր շարժումը որպես օտարերկրյա շահերի գործիք ներկայացնելու ցանկացած փորձ: Նրա ողջ գործունեությունն ուղղված է Հայաստանի ինքնիշխանության, հայ մարդու իրավունքների և Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանությանը: Դրա համար նա բանտարկվել է և զրկվել իր օրինական սեփականությունից: Նա միակը չէ. հունիսի 7-ի ընտրությունների նախաշեմին բազմաթիվ հոգևորականներ, լրագրողներ և ընդդիմադիրներ ենթարկվել են շինծու մեղադրանքների և հարկադրանքի: Այս իրավիճակում ձեր նամակը ոչ թե պաշտպանում է հայաստանյան ժողովրդավարությունը, այլ օգնում է ամրապնդել այն կեղծ թեզը, որն օգտագործվում է ընդդիմությանը մեկուսացնելու համար:
Առանց ապացույցների և լոկ «կասկածելի կապերի» հիման վրա ընդդիմադիր առաջնորդին թիրախավորելով՝ ձեր նամակները կիրառում են մի մարտավարություն, որն ակնհայտորեն հիշեցնում է Ռուսաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը՝ պիտակավորել և լուսանցք մղել քաղաքական մրցակիցներին՝ նրանց վրա «արտաքին հետքի» կասկած գցելով: Ժողովրդավարական ինստիտուտները պետք է մերժեն նման մեթոդները, այլ ոչ թե կրկնօրինակեն դրանք:
Ուստի, մենք պահանջում ենք, որպեսզի դուք անհապաղ հետ կանչեք այդ նամակները և զերծ մնաք պաշտոնական ճնշումների միջոցով (լինի դա մասնավոր հարթակներում, թե այլ) Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին միջամտելու փորձերից:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները չպետք է օգտագործեն իրենց պաշտոնի հեղինակությունը՝ ինքնիշխան պետության ընտրություններում ընդդիմադիր առաջնորդին պիտակավորելու համար՝ հիմնվելով ենթադրությունների, այլ ոչ թե ապացույցների վրա: Մենք սույն նամակի պատճենն ուղարկել ենք պարոն Ցուկերբերգին, որպեսզի Meta-ն իրազեկված լինի մեր վստահորդի դիրքորոշման, ինչպես նաև ձեր թղթակցության մեջ առկա կանխակալության և փաստական թերությունների մասին»,-գրել է նա:
