Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս
Այսօր՝ ապրիլի 21-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 08:30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի նրբանցք 3/1 շենքի բնակիչ 32-ամյա Վլադիմիր Մ.-ն աշխատանքի գնալիս նկատում է, որ բակում կայանված իր կողմից շահագործվող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան թալանել են։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և այս պահին տուժած քաղաքացին սպասում է, որպեսզի դեպքի վայր ժամանեն քննիչն ու ՀՀ Քննչական կոմիտեի փորձաքրեագետը։
Գողը կամ գողերը ավտոմեքենայի վրայից տարել են թափարգելը և այլ մասեր՝ տուժածին պատճառելով մոտ 1 մլն 300 հազար դրամի վնաս։
