Իսրայելն անվտանգությունն օգտագործում է որպես պատրվակ՝ նոր հողեր զավթելու համար․ Ֆիդան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը մեղադրել է Իսրայելին անվտանգության հարցերը որպես պատրվակ օգտագործելու և «ավելի շատ հողեր» յուրացնելու մեջ։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։
«Իսրայելին չի հետաքրքրում սեփական անվտանգությունը. այն ձգտում է ընդլայնել իր տարածքները։ Նեթանյահուի կառավարությունն անվտանգությունն օգտագործում է որպես քող՝ նոր հողեր զավթելու համար»,- հայտարարել է Ֆիդանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ։
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Իսրայելը միջազգային մակարդակով «իլյուզիա է ստեղծել», թե իբր մտահոգված է սեփական անվտանգությամբ։ «Սակայն վերջին տարիներին միանգամայն ակնհայտ դարձավ, որ խնդիրն իրականում շատ ավելի խորն է»,- նշել է նա։
Ֆիդանի ասել է, որ պաղեստինյան հողերում՝ Գազայի հատվածում, Հորդանան գետի արևմտյան ափին, Արևելյան Երուսաղեմում, իսկ այժմ նաև Լիբանանում ու Սիրիայում, տեղի է ունենում «շարունակական օկուպացիա և էքսպանսիոնիզմ»։
«Կարծում եմ, որ դա պետք է դադարեցվի։ Իսրայելը պետք է հասկանա, որ տարածաշրջանում խաղաղ ապրելու միակ միջոցն այն է, որ թույլ տա մյուս երկրներին ևս վայելել սեփական անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու ազատությունը, այլ ոչ թե ուժ կիրառի նրանց դեմ»,- հավելել է նա։
