Յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ սպառնալիքն անհաջող առաջնորդն է․ Ռոբերտ Քոչարյան
Յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ սպառնալիքն անհաջող առաջնորդն է․ ստախոս, տգետ, խառնակիչ։ Այս մասին ապրիլի 18-ին Վանաձորում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նախկին նախագահի խոսքով՝ նման առաջնորդի հասցրած վնասը կարող է կրկնակի լինել։
«Առաջինը՝ քայքայում է երկիրը ներսից, քայքայում է պետական կառույցները, լարում է ժողովրդի մի զանգվածը մյուսի դեմ, բաժանում է սև ու սպիտակների և այլն», - ասել է Քոչարյանը, հավելելով, որ դա ընդհանուր առմամբ հանգեցնում է ինստիտուցիոնալ կառավարման գործընթացի խաթարման։
Ինչպես նշել է նախկին պետության ղեկավարը, դրսից ոչ ոք չէր ցանկանա համագործակցել նման մարդու հետ։
«Նման կերպարը դառնում է գործիք այլ ուժերի ձեռքերում», - ընդգծել է ՀՀ երկրորդ նախագահը։
Քոչարյանը հավելել է, որ վերոնշյալ կետերը կարելի է տեսնել Հայաստանի ժամանակակից իրականությունում։
NEWS.am
