Դավիթ Մինասյանն ազատ է. «ՀայաՔվեն»` պայքարի կիզակետում
«Հայաքվե» ազգային քաղաքացիական նախաձեռնությունը տեսանյութ է պատրաստել, որտեղ ներկայացրել է նախօրեին իրենց կազմակերպած ակցիան՝ ի պաշտպանություն 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը։
«Հայաքվեի» անդամ Արամ Պետրոսյանը նշել է. «Մենք մեր այս ակցիայով ցույց ենք տալիս մեր աջակցությունը 18–ամյա Դավիթ Մինասյանին՝ դատապարտելով այս անարդարությունները։ Այսօր շատ քիչ են այդ երեխաները։ Կարող է երիտասարդը սովորական պատարագի մասնակցի և դա ավարտվի, կարելի է ասել, ողբերգությամբ»։
«Հայաքվեից» Հրայր Կամենդատյանն էլ հավելեց. «Ավանդատես եղանք, որ եկեղեցուց, հավատավոր հոտից մարդ ենք գողանում։ Ընդ որում գողանում են երիտասարդներ, որոնք ոչ մի վտանգ ոչ մեկի համար չէր ներկայացնում»։
Ակցիայի մասնակիցների խոսքով, տեղի ունեցածը փաստում է, որ Հայաստանում քաղաքացին պաշտպանված չէ, քաղաքացու իրավունքները պաշտպանված չեն, որ Դավիթի նկատմամբ կիրառվող անհամաչափ կալանքը ոչ թե արդարադատություն է, այլ պատժիչ գործողություն՝ բոլորին լռեցնելու նպատակով՝ հաշվի առնելով նաև, որ Դավիթը ունի առողջական խնդիրներ և հանրային վտանգավորություն չի ներկայացնում։
«Դավիթն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մենք երիտասարդների հետ ակցիան ենք կազմակերպում ի աջակցություն Դավիթի և Դավիթի ընտանիքի, որպեսզի փորձենք իրադարձությունների վրա ազդեցություն ունենալ։ Մենք բոլորս Դավիթ ենք և պետք է կարողանանք մեր ձայնը բարձրացնել և կանգնել երիտասարդների կողքին, քանի որ իրենք այսօր շատ խոցելի են, և դրա վառ ապացույցը մեր Դավիթը Մինասյանն է»,–ասում է «Հայաքվեից» Սայիդա Պողոսյանը։
Դավիթ Մինասյանի պաշտպաններից Լուսինե Մարտիրոսյանն էլ նշել է. «Այս պահի դրությամբ դեռևս մեզ չեն տրամադրվել քրեական վարույթի ամբողջ նյութերը։ Այսինքն ինչ-որ փաստաթղթեր են տրամադրվել և սահմանափակվել է մեր ժամկետը գործի նյութերին ծանոթանալու։ Այս գործողության տրամաբանությունը հասկանում ենք, հասկանում ենք ուր են ուզում տանեն և ինչի են անում։ Սրանով, ըստ մեզ, փորձում են խոչընդոտել ապրիլի 17-ին վերաքննիչ դատարանի կողմից մեր պաշտպանական կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննարկմանը»։
Պաշտպաններից Վարդուհի Էլբակյանն էլ նշել է. «Փաստաթղթերի տրցակը, որը մեզ տրամադրվել է, դրանք ծանոթանալուց հետո կարելի է արձանագրել մեկ հանգամանք, սա դասական օրինակ է, կարելի է ուսանողներին բաժանել հետագայում, թե ինչպես չի կարելի գործ քննել և որքան հնարավոր է խախտել դատավարության քրեական դատավարության օրենսգրքի բոլոր հոդվածները»։
