Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք օրը սկսում են Whatsapp-ով ստացված շրջաբերականներով. Էլինաար Վարդանյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Էլինաար Վարդանյանը գրել է.
«Երկար մտածեցի՝ արժի՞ արդյոք պատասխանել ՔՊ ներկայացուցիչ որոշ պատգամավորների՝ իմ հանդեպ այսօր կազմակերպված հարձակմանը։
Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք ապրում են բոլորովին այլ իրականության մեջ՝ թելադրանքի, ինքնացենզուրայի, որոնք օրը սկսում են Whatsapp-ով ստացված շրջաբերականներով, որոնցից որևէ բառի շեղումը նույնիսկ արգելված է։
Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք մեր երկրին իրենց հասցրած խոր ու անվերականգնելի վերքերից հետո հպարտ դեմքերով բարձրանում են ամբիոններ, մատ են թափ տալիս մյուսների վրա ու դեռ քվե են պահանջում։ Քվե՝ ինչի՞ դիմաց։ Ձեր հասցրած հատկապես ո՞ր պատմական վնասն եք այնքան թերագնահատում, որ մարդկանցից քվե եք ակնկալում։
Այնուամենայնիվ, մտածեցի, որ որպես պատգամավոր պիտի պատասխանեմ ՀՀ այդ երկու քաղաքացիների հարցերին, չէ՞ որ չեմ կարող բացառել, որ փակ քվեախցիկ մտնելով՝ նրանք որոշեն խիզախություն դրսևորել ու դեմ քվեարկեն ՔՊ-ին՝ իրենց քվեն տալով հանուն Հայաստանի ապագայի։ Չեմ կարող բացառել, որ հոգու խորքում նրանք գիտակցում են մեր երկրին իրենց քաղաքական ուժի հասցրած անչափելի վնասը, և չեն ուզենա, որ մեր երկրի վտանգավոր գահավիժումը շարունակվի։
Այնպես որ, պատասխանեմ նրանց հուզող այդ երկու հարցերին.
Ումի՞ց եմ ես SMS ստանում.
Ես SMS ստանում եմ ինձ հարազատ մարդկանցից, մարդկանցից, որոնց հետ ընկերություն եմ անում, որոնց հարգում եմ։ SMS չեմ ստանում՝ իմ հայացքը, կարծիքը, տեսակետը փոխելու համար, կամ՝ ինչ-որ մեկի շահերին ծառայող ելույթներ ունենալու։
Ի՞նչ սկզբունքով եմ ես ընտրել ԱԺ նոր ընտրություններին մասնակցելու եղանակը.
Այն սկզբունքով, որ ընտրությունների միջոցով հնարավոր լինի ձեր քաղաքական ուժին վերջապես հեռացնել երկրի ղեկից։ Դա այսօր թե´ ընդդիմության, ու թե´ հասարակության ճնշող մեծամասնության գլխավոր նպատակն է։
Եվ այդ նպատակի շուրջ են այսօր միավորվում ու վերադասավորվում բոլոր քաղաքական ուժերը և անհատները. այնպես անել, որ առողջ դատողությունը, քաղաքական միտքը, պետական ու հանրային ադեկվատ մտածողությունը, մեր պետության իրական շահի գիտակցումը և, վերջապես, պարզ մարդկային կիրթ շփումը գերիշխեն մեր պետական, քաղաքական ու հասարակական միջավայրերում»։
