Փաշինյանի «խաղաղությունը»՝ սողացող կապիտուլյացիայի քաղաքականություն․ Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․
«Ազգային ժողովում՝ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների համատեքստում, Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ընդդիմության կողմից հնչեցվող «վերաբանակցման» գաղափարին՝ այն ներկայացնելով որպես ռիսկային և անորոշ քայլ։ «Ո՞վ կարող է ապացուցել, որ վերաբանակցման արդյունքում փաստաթուղթն ավելի լավը կդառնա»,- հայտարարել է նա՝ միաժամանակ ընդդիմադիր ուժերին որակելով որպես «պատերազմի եռագլուխ կուսակցություն»։
Այս հարցադրումը կառուցված է ակնհայտ մանիպուլյացիայի վրա։ Խնդիրը ոչ թե վերաբանակցման գաղափարն է, այլ այն, որ Փաշինյանը միտումնավոր խուսափում է քննարկել իր իսկ վարած գործընթացի բովանդակությունն ու ռիսկերը։ Երբ «վերաբանակցումը» ներկայացվում է որպես վտանգ, բայց գործող գործընթացը չի ենթարկվում նույն քննադատական չափանիշներին, ձևավորվում է միակողմանի օրակարգ, որի նպատակը հանրային քննարկումը սահմանափակելն է։
«Պատերազմի եռագլուխ կուսակցություն» ձևակերպումը նույն տրամաբանության շարունակությունն է։ Սա պիտակավորում է, որը միտված է ցանկացած այլընտրանքային մոտեցում ներկայացնել որպես վտանգավոր և ոչ լեգիտիմ։ Այս կերպ իշխանությունը փորձում է փակել բովանդակային որևէ քննարկում։
Այս ֆոնին կարևոր է հստակեցնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը։ ԲՀԿ-ն բազմիցս հայտարարել է, որ իր իշխանության գալու պարագայում Հայաստանը չի հրաժարվելու միջազգային պարտավորություններից։ Հետևաբար, Փաշինյանի «վերաբանակցում = պարտավորություններից հրաժարում» թեզը ոչ միայն անհիմն է, այլ նաև միտումնավոր խեղաթյուրում։
«Առաջարկ Հայաստանին» ծրագրով առաջ քաշվող «Երաշխավորված խաղաղության» մոդելը առաջարկում է որակապես այլ մոտեցում։ Այն հիմնված է միջազգային միջնորդության, ամրագրված իրավական երաշխիքների և վերահսկողության գործուն մեխանիզմների վրա։ Այս մոտեցումը ենթադրում է, որ խաղաղությունը չի կարող կառուցվել միայն քաղաքական հայտարարությունների վրա․ այն պետք է ունենա ինստիտուցիոնալ հենարան և միջազգային երաշխիքներ։
Այսօր առկա է ակնհայտ ուժային դիսբալանս Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս պայմաններում առանց երաշխիքների ընթացող «խաղաղության» գործընթացը վերածվում է միակողմանի զիջումների շղթայի։ Այստեղ է, որ բացահայտվում է գործող քաղաքականության հիմնական հակասությունը․ խաղաղության անվան տակ իրականացվում է գործընթաց, որը չի ապահովում այդ նույն խաղաղության կայունությունն ու անվտանգությունը։
Փաշինյանը փորձում է «խաղաղությունը» ներկայացնել որպես անվերապահ արժեք՝ անտեսելով դրա բովանդակությունը։ Սակայն խաղաղությունը չի կարող լինել ինքնանպատակ, եթե այն չի երաշխավորում պետության ինքնիշխանությունը, անվտանգությունն ու երկարաժամկետ կայունությունը։
Ուստի իրական երկընտրանքը «խաղաղություն կամ պատերազմ» կեղծ երկընտրանքը չէ։ Իրական երկընտրանքն է՝
չերաշխավորված, խոցելի «խաղաղություն»,
կամ երաշխավորված, վերահսկելի և կայուն խաղաղություն։
Եթե այս տարբերակումը չի դրվում քաղաքական օրակարգի կենտրոնում, ապա գործընթացը շարունակելու է զարգանալ նույն տրամաբանությամբ՝ դեպի սողացող կապիտուլյացիա, որի քաղաքական պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը»։
