Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան
Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով անցնող 18-ամյա Դավիթ Մինասյանն այսօրվանից զբաղվելու է իր հետազոտություններով և բուժումներով, մայրը կսկսի նրա լուրջ խնամքով զբաղվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Հայտնել էինք, որ ապրիլի 14–ին 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվել է։ Հսկող դատախազի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։ Միաժամանակ, դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարան:
«Դավիթին հարվածելու փաստը հաստատող տեսագրություն ենք ներկայացրել դատարան և միջնորդել , որպեսզի քննության առարկա դարձնեն։ Բայց քանի որ նախաքննության ավարտ է հայտարարվել, և գործը մուտք է արվել դատարան, այս պահին դատաքննության մեջ մտնելու փուլին ենք պատրաստվում, որը, կարծում եմ` կլինի հրապարակային։ Ընդհանուր գործից Դավիթի մասը անջատել և ուղարկել են դատարան, Միքայելի և Գևորգ Գևորգյանի գործը թողել են, նախաքննությունն այս մասով դեռ շարունակվում է»,–հայտնեց փաստաբանը։
Նշենք, որ 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ փակ գանգուղեղային տրավմա և ուղեղի ցնցում է հաստատվել: Չնայած դրան՝ ապրիլի 13-ին նրան «Նաիրի» բժշկական կենտրոնից «Արմավիր» ՔԿՀ էին տեղափոխել։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին 2 ամսով կալանավորվեց։
Ապրիլի 3–ին Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։
