Ներողամտությունը սիրո գործնական դրսևորում է, ատելությունը՝ չբուժված վերք. Հայր Իսահակ
Ով առաջնորդվում է սիրով, ծառայում է ամբողջին, իսկ ով առաջնորդվում է ատելությամբ՝ վնասում է և՛ ամբողջին, և՛ իրեն, այս մասին գրել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Հոգեշնորհ Տեր Իսահակ Վարդապետ Պողոսյանը։
Հայր Սուրբը նշել է՝ սերը բնական օրենքի կատարյալ գործադրումն է, ատելությունը՝ նրա գիտակցված խախտումը։
«Բանական էությունը կոչված է սիրել, ուստի՝ ատելությունը վկայում է դատողության խեղման մասին։
Սերը ներքին լռություն է, որտեղ Աստված խոսում է առանց բառերի, ատելությունը՝ աղմուկ, որը խլացնում է Նրա ձայնը։
Ընդհանուր բարիքը հաստատվում է սիրո միջոցով և խախտվում՝ ատելության ամեն մի ներգործությամբ։
Սերը Աստծու կամքի կենդանի արտահայտությունն է, ատելությունը՝ այդ կամքին հակառակ ընթացք։
Սերը լուռ կրակ է, որն անաղմուկ այրում է եսը, ատելությունը՝ հոգին մոխրացնող աղմկահարույց բոց։
Ներողամտությունը սիրո գործնական դրսևորում է, ատելությունը՝ չբուժված վերք»,- նշել է Հայր Իսահակը։
