Հասմիկ Պապյանը՝ օպերայի «լեզվի», Կաֆկայի «Դատավարության», թռչող խալու և դրախտավայր Հայաստանի մասին. hetq.am

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը պատասխանել է «Հետքի» բանտային թղթակից Մհեր Ենոքյանի հարցերին

Սիրելի՛ Հասմիկ Պապյան, բարի օր Ձեզ

Անչափ շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության և հրավերն ընդունելու համար։

Լրագրող գործընկերներիցս սովորել եմ հարցազրույց վարելու հնարքներ: Ասել են՝ հարցերը պետք է կարճ ձևակերպել, նաև անպայման խորությամբ ծանոթանալ այն մարդու գործունեությանը, ում հետ պատրաստվում ես զրուցել: Եվրոպական Խորհրդին Հայաստանի անդամակցելուց հետո՝ 2003 թ.- ին, ցմահ ազատազրկվածների խցերում թույլատրեցին հեռուստացույց և DVD նվագարկիչ ունենալ։ Այդ ժամանակվանից ի վեր հեռուստատեսությամբ դիտել եմ Ձեր մի քանի հարցազրույց՝ ինձ համար բացահայտելով տաղանդաշատ օպերային երգչուհու, քաղաքացու Ձեր կերպարը:

Իսկ այժմ, երբ Ձեզ հետ գրավոր զրույցի բացառիկ հնարավորություն ընձեռվեց, հարազատներիս խնդրեցի ինձ փոխանցել նաև մամուլի, կայքերի հրապարակումներ Ձեր բեմական գործունեության մասին, Ձեզ հետ հարցազրույցներ: Իմացա, որ թույլ կողմեր չունեք, իսկ ապրիլյան պատերազմից հետո չեք վախենում ոչնչից։ Իմացա, որ սիրում եք լեռներ մագլցել, մանկության տարիներին տպավորվել եք թռչող խալուց:

Երկար թերթեցի նյութերը, նայեցի, հիացա, վայելեցի... հետո շատ հեշտ ծնվեցին հարցերը, որոնք հաճախ Ձեր պատասխաններից եմ բխեցրել, թերևս, կզգաք՝ որոնք: Ներողություն, որ մեկ հարցի մեջ, մի քանի հարց եմ ամփոփել, պարզապես հարցերս շատ էին:

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Ձեզ հետ զրույցի հնարավորության համար: Ձեզ և Ձեր ընտանիքին մաղթում եմ Սեր, առողջություն, երջանկություն։

- Հարցազրույցներից մեկում հիշատակում եք Հրանտ Մաթևոսյանի խոսքերը. «Հայը չի իջնում հատակ և չի բարձրանում դեպի գագաթ»։ Որպես Հայաստանի Մշակույթի դեսպան ստացվու՞մ է Հայի ոգին հասկանալի դարձնել այլերկրացիների համար։ Կոմիտասի «լեզուն» ինչպե՞ս է ընկալվում աշխարհում։

- Այն ասպարեզում, որտեղ ես հանդես եմ եկել՝ օպերային արվեստում, ազգությունը կարևոր չի եղել: Օպերայի լեզուն միջազգային է: Այլ բան է, որ ինձ այդ բարձունքը գրավելու ճանապարհին շատ կարևոր է եղել իմ հայ լինելու գործոնը: Կարող եմ ավելացնել, որ, որպես հայ, փորձել եմ արժանապատվորեն ներկայացրել իմ երկիրը օպերային արվեստի սիրահարներին, և ոչ միայն: Իմ երգած Աիդան, Նորման, Տոսկան, թերևս տարբերվել են մյուսներից: Ցավոք, Կոմիտասը Հայաստանից դուրս շատ ծանոթ չէ լայն հասարակությանը: Այս հարցում դեռ շատ անելիքներ ունենք: Իհարկե, անառարկելի է այն փաստը, որ որտեղ էլ հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները, նույնիսկ չհասկանալով, թե ինչի մասին է երգվում, անկախ ազգային պատկանելությունից, հավասարապես հուզվել և արտասվել  են բոլորը:

-  Վեց լեզվի եք տիրապետում. կա՞ մի լեզու, որը առավել երաժշտական է։ Առհասարակ ինչո՞ւ է երգի լեզուն առավել հասկանալի և ազդեցիկ։

- Օպերային երաժշտության լեզուն համարվում է իտալերենը: Բացի այն, որ օպերան ծնունդ է առել Իտալիայում, կա նաև այլ պատճառ՝ իտալերենում ձայնավորների համադրությունը շատ հարմար է ձայնը արտաբերելուն: Ինչը չենք կարող ասել, օրինակ, վրացերենի, եբրաերենի և շատ այլ լեզուների դեպքում, երբ մի քանի բաղաձայներ հաջորդում են իրար: Մարդկային ձայնը երաժշտական գործիքներից ամենակատարյալն է: Այն ունի երաժշտության հետ միաժամանակ նաև խոսքը ունկնդրին փոխանցելու կարելիությունը: Երգի լեզուն նաև հասկանալի է նրանով, որ, կարծում եմ, գրեթե յուրաքանչյուր մարդ կարող է երգել, կարևոր չէ՝ լավ կամ վատ:

- Ձեր սիրած ստեղծագործություններից է Կաֆկայի «Դատավարությունը»։ Ինչո՞վ է այն տպավորվել։ Եթե «դատավարությանը» ներկա գտնվեիք, կմիջամտեի՞ք, ինչ-որ բան կփոխեի՞ք։ Իսկ մե՞ր իրականության մեջ...

- Գիրքը ձեռքս վերցնելու և կարդալու առաջին պայմանը ինձ համար հեղինակի  «լեզուն» է: Եթե այն ինձ չի «աքցանում», ես չեմ կարող շարունակել: Կաֆկայի լեզվամտածողությունը ինձ համար բաց ծով է, մաքուր երկինք, որտեղ կարող ես բառերի հետ «ընկերություն անել»... իհարկե, նաև շատ ամուր նյարդեր են հարկավոր այս գիրքը մինչև վերջ ընթերցել կարողանալու համար:Երբ առաջին անգամ «Դատավարությունը» բնագրով կարդացի, ինձ համար բացահայտում էր՝ համաշխարհային գրականության գլուխգործոցներից է, իմ ամենանախընտրելին, Հրանտ Մաթևոսյանից հետո, իհարկե:

Եթե ես «միջամտեի» այդ դատավարությանը, ապա այն անմիջապես կփակվեր…

Մեր իրականության մեջ կկամենայի, որ դատավարությունների ժամանակ բացառապես արդարության կողմնակիցը լինելուց զատ, դատապարտողների համար մարդկային գործոնը առաջնային լիներ: Չէ՞ որ ի տարբերություն դատապարտյալների, դատավարություն վարողները նիստից հետո վերադառնում են իրենց տները…

- Հաճա՞խ եք ջութակ նվագում։ Եղե՞լ է, որ բնության գրկում մենակ լինելով՝ երգեք։

- Ջութակ երկար տարիներ չեմ նվագել: Երբ սկսեցի երգել և ճամփորդել, արդեն շատ ժամանակ չունեի նվագելու: Հետո հասկացա, որ «կիսատ» ջութակահար չեն լինում: Բնության գրկում մենակ երբեք չեմ երգել, իսկ հին հայկական եկեղեցիներում միշտ երգելու ցանկություն առաջանում է: Երգում եմ հարմար պահի, երբ շուրջս մարդաշատ չի  լինում:


- Եթե ժամանակի մեջ թռչող խալու վրա հայտնվեիք, ու՞ր կճանապարհորդեիք, ո՞ւմ կցանկանայիք հանդիպել։

- Ինձ համար շատ սիրելի են հարավային Ֆրանսիայի գյուղերը, որտեղ քաղաքակրթությունը կարծեք երբեք կանգ չի առել, լեռների վրա վեր խոյացող խաղողի այգիներով, բաց և կանաչ անծայրածիր հորիզոններով:

Իսկ կկամենայի, որ կախարդական գորգը ինձ տաներ 1974-1982 թվականներ Գերմանիայի հինգերորդ կանցլեր Հելմուտ Շմիդտի, ինձ համար բացառիկ մի անհատականության մոտ: Նա նաև հրաշալի դաշնակահար էր, ձայնագրություններ է կատարել հանրահայտ դիրիժորներ Կարայանի, Էշենբախի հետ: Մահացավ մոտ երկու տարի առաջ, 97 տարեկան հասակում: Իր հայտնի ասույթներից էին՝ ...97 տարեկանից ցածր լավատես չեն լինում... կամ՝ …մեծ տարբերություն կա՝ իշխելու, անձնական շահերի վրա հիմնված քաղաքականության և բարոյական սկզբունքների վրա հիմնված, բարոյական կարիքներով կողմնորոշված քաղաքականության մեջ...իմաստուն խոսքեր են, երանի հետևորդներ ունենար... նաև փայլուն հռետոր էր, կարող եմ երկար շարունակել, տարիներով հետևել եմ իր գործունեությանը:

Մի անառարկելի թերություն ուներ՝ ծանր, «շղթայական» ծխող էր, նույնիսկ hարցազրույցների ժամանակ, եթերում, ամենուր, որի համար մշտապես խիստ քննադատության էր ենթարկվում: Այդ պատճառով, կարծում եմ, որ մեր հանդիպումը երկար տևողություն ունենալ չէր կարող:

- Ձայնը, ինչպես աչքի ծիածանաթաղանթը, մատնահետքերը անկրկնելի են։ Ձեր ձայնում քնքուշ մեղեդին հնչում է նաև սովորական խոսքի, զրույցի ժամանակ։ Երբ արթնանում եք, հիշու՞մ եք Ձեր երազները, նրանք երաժշտակա՞ն են, հեքիթայի՞ն...

-Իմ երազները հիմնականում «ազդանշաններ» են, որոնք, կարծեք, գալիս են ինձ «նախազգուշացնելու»… և հաճախ կատարվում են: Հեքիաթային, երաժշտական, գունավոր երազներ ինձ երբեք այցի չեն գալիս:

- Ասում եք, որ բեմը առողջացնում է Ձեզ... ակնհայտ է, որ Դուք էլ առողջ եք պահում հայկական երգարվեստը համաշխարհային բեմում։ Ունե՞ք երազանք, որը դեռ պետք է իրականացնեք։

-Որպես մայր կուզենամ տեսնել իմ միակ դստերը՝ Սիրանույշին առողջ, երջանիկ, կայացած իր ընտրած մասնագիտության մեջ, ազնիվ, արդար, հասարակությանը պիտանի և արժանապատիվ քաղաքացի դարձած:

Բայց սա չնչին է այն իրական երազանքիս հանդեպ, որն իսկապես փայփայում եմ՝ թիկունքիս ունենալ հզոր, բարեկեցիկ, արժանապատիվ կյանքով և երջանիկ քաղաքացիներով ապրող երկիր դրախտավայր, որի անունն է Հայաստան: Հուսով եմ՝ երազս իրականություն կդառնա:

Շնորհակալ եմ շատ հետաքրքիր հարցերի համար

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանության՝ պատմական ճշմարտությունը․ Հունաստանի ՊՆ նախարար Վատիկանի գաղտնի արխիվից Մայր աթոռը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն» աշխատությունը Մակրոնը ԱՄՆ-ին անվանել է ոչ այնքան հուսալի դաշնակից Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ագրեսիան դադարեցնելու համար է բանակցություններ սկսել Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, և ոչ երբեք հայ ժողովրդի․ Սաղաթելյան Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am