Հայաստան դաշինքն ընտրություններից հետո պատրաստ է համագործակցել ընդդիմադիր այլ ուժերի հետ․ Դանիելյան
Այսօր չկա որևէ քաղաքական ուժ, ներառյալ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», որն ի վիճակի լինի միայնակ մեծամասնություն կազմել խորհրդարանում։ Ապրիլի 14-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչու է ինքը զբաղեցնում ցուցակի համեմատաբար «հեռու»՝ 14-րդ հորիզոնականը, պատգամավորը վստահեցրել է, որ իր համար տեղը կամ նույնիսկ խորհրդարանում ներկայացված լինելն էական չեն։ «Մեր թիմում տեղի համար մրցակցություն չկա։ Ինձ համար նշանակություն չունի՝ ես ցուցակի որ տեղում կլինեմ, ցուցակում կլինեմ, թե չեմ լինի, իմ պայքարը ո՛չ մանդատի համար է, ո՛չ էլ պատգամավոր դառնալու, ո՛չ էլ առիթ եմ տվել մտածելու, որ ես պատգամավոր դառնալու անհագուրդ ցանկություն ունեմ», - նշել է Գառնիկ Դանիելյանը։
Պատգամավորը շեշտել է, որ իրենց քաղաքական ուժը պատրաստ է համագործակցել բոլորի հետ, բացի գործող իշխանություններից։ Նրա խոսքով՝ դաշինքը բաց է համագործակցության համար նաև նոր խորհրդարանի ձևավորումից հետո։ Դանիելյանը նշել է, որ բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է հստակեցնեն իրենց անելիքը. եթե չկա միասնական համագործակցություն, ապա ո՞րն է նրանց օրակարգը։ «Ո՞ւմ հետ են նախընտրում համագործակցել՝ ընդդիմության հետ, թե՞ ՔՊ-ի»,- հարց է տվել նա։
«Անկեղծ ասեմ՝ այս պահի դրությամբ որևէ մեկին 50+ տոկոս չեմ տեսնում՝ և՛ ՔՊ-ին, և՛ ընդդիմությանը։ Բայց կարծում եմ՝ հավաքական ընդդիմությունը հնարավորություն ունի՝ ճիշտ աշխատանքի դեպքում, հեռացնելու Նիկոլ Փաշինյանին իշխանությունից», - կարծում է պատգամավորը։ Նա նաև տրամաբանական է համարում, որ կոնսոլիդացիան պետք է տեղի ունենա ամենաշատ ձայներ ստացած ընդդիմադիր ուժի շուրջ։
Անդրադառնալով դիտարկմանը, թե որքանով է ժողովրդավարական ցուցակի անցողիկ տեղերում հայր և որդի Քոչարյանների ներկայությունը, Գառնիկ Դանիելյանը հիշեցրել է, որ դա միանգամայն համահունչ է համաշխարհային փորձին, ինչպես նաև հենց իշխող ՔՊ-ի գործելաոճին։ «Լևոն Քոչարյանը թիմի անդամ է, գործող պատգամավոր։ Որևէ խնդիր չեմ տեսնում. այդպես է որոշել թիմը»,- նշել է նա։ Պատգամավորը նաև բնական է համարել մարդկանց տեղաշարժը մի քաղաքական ուժից մյուսը, հատկապես՝ անկուսակցական պատգամավորների պարագայում։ Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի սպասվելիք քվեներին, Դանիելյանը հրաժարվել է կանխատեսումներ անել՝ նշելով, որ գոռոզությունը մեղք է համարում։
