Պարսից ծոցի երկրները շտապ կարգով ՀՕՊ համակարգեր են խնդրում Հարավային Կորեայից. WSJ
Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Կատարը շտապ կարգով հակաօդային պաշտպանության համակարգեր են խնդրում Հարավային Կորեայից՝ ամերիկյան արտադրության զենիթային հրթիռների պաշարների սպառման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Wall Street Journal թերթը։
Վերջին շաբաթներին Պարսից ծոցի նշված երկրների զենիթահրթիռային համակարգերի պաշարները զգալիորեն նվազել են իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ալիքները հետ մղելու պատճառով։
Իրանական անօդաչու թռչող սարքերը խոցելու ունակ զենիթահրթիռային համակարգերի քանակը սահմանափակ է, գրում է թերթն՝ ընդգծելով, որ Իրանն օգտագործում է զանգվածային արտադրության ոչ թանկարժեք անօդաչուներ:
Արդյունքում Պարսից ծոցի երկրները, շրջանցելով ԱՄՆ-ն, ձգտում են գտնել մատակարարներ ավելի լայն շրջանակի համակարգերի համար, որոնք կարելի է ավելի արագ և ավելի շահավետ գործարկել։ Այս ֆոնին երկրների հատուկ ուշադրությունն է գրավել հարավկորեական միջին հեռահարության «Չոնգուն-II» ՀՕՊ հրթիռային համակարգը, նշում է հրատարակությունը։
