Հավաքական ընդդիմությունը հաղթելու է ընտրություններում, բայց միայն հաղթելը բավարար չէ
Հավատացած եմ՝ այս հավաքական ընդդիմությունը հաղթելու է ընտրություններում։ Սակայն միայն հաղթելը բավարար չէ։ Պետք է ավելի բարձր նշաձող սահմանել, գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ընդդիմադիր դաշտը հիմնականում արդեն ձևավորվել է։ Նրանց ցուցակները հրապարակված են, ծրագրերը՝ ներկայացված։ Ծրագրերի մեջ ակնհայտ է ընդհանուր օրակարգը՝ խաղաղությունը, տնտեսական զարգացումը, աղքատության հաղթահարումը, արդարության վերականգնումը, ազգային վերածնունդն ու միասնությունը։
Այժմ, երբ հիմքը դրված է, ժամանակն է հանրային գիտակցության մեջ ձևավորելու և ամրապնդելու «հավաքական ընդդիմություն» գաղափարը։ Սա այլևս անհատական ջանքերի մասին չէ, այլ ընդհանուր նպատակի։ Հավատացած եմ՝ այս հավաքական ընդդիմությունը հաղթելու է ընտրություններում։
Սակայն միայն հաղթելը բավարար չէ։ Պետք է ավելի բարձր նշաձող սահմանել։ Այս միտքը նշել եմ նաև իմ նախորդ գրառման մեջ և շարունակելու եմ կրկնել։ Նպատակը չպետք է լինի պարզապես թույլ չտալ, որ Փաշինյանը վերարտադրվի իշխանության մեջ, այլ նաև ապահովել, որ նրա կուսակցությունը նույնիսկ չհաղթահարի խորհրդարան անցնելու շեմը։
Միայն այդ դեպքում կկարողանանք վերջնականապես փակել անցած ութ տարիների էջը՝ այդ շրջանն ու հիշողությունները թողնելով պատմության էջերում»։
