Դատավոր Տիգրան Դավթյանն անհարգելի համարեց
Հակակոռուպցիոն դատարանում այսօր` ապրիլի 13-ին, նշանակված էր նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը:
Նիստը սկսվեց մի քանի րոպե ուշացումով: Նախագահող դատավոր Տիգրան Դավթյանը նշեց, որ փաստաբաններից դիմումներ են ստացվել դատարան:
Փաստաբաններ Աննա Մանթաշյանն ու Էրիկ Ալեքսանյանը հայտնել էին, որ այլ նիստերով ծանրաբեռնված լինելու պատճառով չեն կարող ներկայանալ նախապես նշանակված դատական նիստին: Փաստաբան Երեմ Սարգսյանն էլ դատարանին բանավոր հայտնել էր, որ վատառողջ է:
Մեղադրյալ Աղվան Հովսեփյանն ասաց, որ առանց իր պաշտպանների չի կարող նիստը շարնակվել:
«Փաստաբանները պարտավոր էին հիմնավորել, որ մյուս նիստերն այս նիստից ավելի շուտ էին նշանակված կամ տվյալ քրեական գործով առկա է անազատության մեջ գտնվող մեղադրյալ: Ավելին` այս դատական նիստը նշանակելիս կողմերի հետ համաձայնեցրել էինք նիստի օրն ու ժամը: Հետևաբար դատարանն արձանագրում է երեք պաշտպանների անհարգելի բացակայությունը», – ասաց դատավոր Տիգրան Դավթյանը:
Նիստը հետաձգվեց և նշանակվեց մայիսի 14-ին 9:30:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Աղվան Հովսեփյանը 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ պաշտոններ զբաղեցնող անձանց համար, սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին հակառակ, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ Արշավիր Սարգսյանի հետ 2007-2015թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև անձամբ և վստահված անձանց՝ որդիների միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ, իսկ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:
Բացի այդ, ըստ մեղադրանքի Աղվան Հովսեփյանը 2010 թվականի հոկտեմբերի սկզբներին, քննությամբ չպարզված օրը, իր պաշտոնի հեղինակությամբ ազդեցություն գործադրելով՝ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ղեկավար Հրաչյա Ավագյանին համոզելու եղանակով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունը, ապա այդ արարքի արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով գույքը օրինականացրել է:
Բացի այդ, Աղվան Հովսեփյանը Վարշամ Ղարիբյանի օգտին ծառայության գծով հովանավորչության համար, նրանից պահանջել և 2011 թվականի փետրվարի 14-ին ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ապա հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը օրինականացրել է:
Բացի այդ, Աղվան Հովսեփյանը, 2017 թվականի ապրիլի 10-ին իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող Վրեժ Մարկոսյանին համոզելու եղանակով դրդել է վատնել նրան վստահված, Վարշամ Ղարիբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը:
Նշենք, որ այս գործը քննվում է 2022 թվականից:
24news.am
