43-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում
Երեկ՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհից դեպի Ճամբարակ համայնք տանող հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Լիանա Գ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Պողոսյանը և Շահեն Քոչարյանը։Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալ Արման Հովհաննիսյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատիրոջ և վիրավորի ինքնությունը։
