Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ

Ապրիլի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի տարբեր թեմերից ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած շուրջ 650 եկեղեցասեր երիտասարդների` առաջնորդությամբ իրենց հոգևոր հովիվների։

Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով և Հայրապետական մաղթերգով։ Ապա ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը Նորին Սրբությանը ներկայացրեց ուխտավոր հայորդիներին՝ նշելով, որ երիտասարդները Սուրբ Հարության տոնի խորհրդով այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ մասնակցելու Սուրբ Պատարագին և ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունը։

Քահանա հայրերի անունից ողջույնի և երախտիքի խոսքով հանդես եկավ Արժանապատիվ Տ. Մակար քահանա Գալամդարյանը (Շիրակի թեմ)։ Իր խոսքում Տեր Հայրն ընդգծեց, որ երիտասարդների ցանկությանն ընդառաջ՝ Երիտասարդաց միությունների պատասխանատու քահանա հայրերը կազմակերպել են այս ուխտագնացությունը դեպի Մայր Աթոռ՝ իրենց ուխտը նորոգելու, հավատքի մեջ զորանալու և Սուրբ Էջմիածնի օրհնությամբ շարունակելու իրենց կյանքը իբրև Մայր Եկեղեցու հավատարիմ զավակներ:

Երիտասարդների անունից սրտի խոսք ասացին Շիրակ թեմից՝ երեցկին Գոհարիկ Գալտագազյանը, Արագածոտնի թեմից՝ Նաիրա Դավթյանը, Սյունյաց թեմից՝ Մարիա Աթանեսյանը, Մասյացոտնի թեմից՝ Մանե Մնացականյանը և Գուգարաց թեմից՝ Սարգիս Գալստյանը։

Ապա ներկաներին հայրապետական իր պատգամն ու օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Սիրելի զավակներ Մեր,

Ողջունում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բերում ամենքիդ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը։ Ուրախ է Մեր հոգին, որ Զատկական այս հոգենորոգ օրերին դուք համախմբվել եք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ դրսևորելով ձեր որդիական սերն ու նվիրումը առ Հայոց Եկեղեցին։

Առաքելական ժամանակներից ի վեր մեր Սուրբ Եկեղեցին լուսավոր փարոս է մեր ժողովրդի կյանքում՝ իր զավակներին հաստատելով հավատի և հույսի մեջ և առաջնորդելով դեպի Աստված, դեպի բարին ու ճշմարիտը։ Հայոց Եկեղեցին մեր ժողովրդի հոգևոր տունն է, որտեղ յուրաքանչյուր հայորդի գտնում է սեր, խնամք ու հոգատարություն և զորանում երկնառաք շնորհներով ու օրհնություններով։ Ով ցանկանում է ճանաչել հայ ժողովրդի հոգին, հայացքը պիտի ուղղի Հայոց Եկեղեցուն։ Մեր Եկեղեցին ուժ է տվել իր զավակների ապրելու և արարելու ձգտումներին և խաղաղության ու արդարության իղձերին։ Մեր Եկեղեցին զորություն է պարգևել ազգ ու հայրենիք սիրելու և հավատարիմ իր առաքելությանը՝ պահպանել ու հարստացրել է մեր հոգևոր ու մշակութային ժառանգությունը, հետամուտ եղել նոր սերնդի հայեցի դաստիարակությանը։ Տերունավանդ քրիստոնեական արժեքներով մեր Եկեղեցին աշխարհասփյուռ հայության համար դարձել է միասնության հիմնասյուն՝ առաջնորդելով իր հոտը թե՛ խաղաղ օրերին և թե՛ փորձությունների ժամանակ։

Իր այս առաքելության ճանապարհին Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու առջև հաճախ հարուցվել են տարատեսակ խոչընդոտներ ու դժվարություններ։ Այսօր էլ ունենք անցանկալի մի իրավիճակ, երբ հայրենի մեր երկրում Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից։ Վերջին մեկ տարում ականատես ենք աննախադեպ ճնշումների՝ եպիսկոպոսների անօրինական ձերբակալությունների, հոգևոր սպասավորության իրականացմանն ուղղված արհեստական խոչընդոտների, մեր հնամենի վանքերի ու եկեղեցիների բռնազավթման փորձերի։ Իշխանությունների ակնհայտ հովանավորչությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված և կարգալույծ հռչակված անձը շարունակում է զավթված պահել առաջնորդարանը և դատարանի ու հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի որոշումներով՝ աշխարհիկ կարգավիճակով գործել որպես թեմակալ առաջնորդ։ Օրերս նաև հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք, երբ իշխող քաղաքական ուժը իր նախընտրական ծրագրում ներառեց Հայ Եկեղեցուն վերաբերող մերժելի դրույթներ։ Այս ամենը, ինչպես քաջատեղյակ եք, ուղեկցվում է շինծու մեղադրանքներով, անհանդուրժողականության հրահրմամբ, բացահայտ սպառնալիքներով։

Պատմությունը, սակայն, վկայում է, որ առ Աստված ապավինությամբ մեր Եկեղեցին միշտ հաղթահարել է բոլոր փորձությունները։ Այսօր էլ Հայ Եկեղեցին մնում է մեր ազգային վերելքի նախանձախնդիր սպասավորը՝ մեր երկրի զորացման, հասարակական համերաշխության անդավաճան ջատագովը և շարունակելու է պաշտպանել մեր ազգային իրավունքները, իղձերն ու նպատակները։

Սիրելիներ, մեր Սուրբ Եկեղեցու առաքելության արդյունավորման գործում կարևոր առաջնահերթություններից է ձեր՝ երիտասարդ սերնդի ակտիվ ներգրավումը եկեղեցական կյանքում։ Այս նպատակով մեր եկեղեցիների շուրջ ստեղծված երիտասարդական միությունները հետևողականորեն իրականացնում են տարբեր ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք նպատակ ունեն ամրապնդել և խորացնել նոր սերնդի կապը մեր Մայր Եկեղեցու հետ։ Դուք և ձեր հասակակիցներն եք մեր հայրենիքի զորացման, մեր Սուրբ Եկեղեցու պայծառության և մեր ժողովրդի լուսավոր ապագայի երաշխավորը։ Ամուր պահեք կապվածությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ընդունեք դարերով սրբագործված նրա ավանդները՝ իբրև ուղեցույց ձեզ համար, որպեսզի լինեք ինքնուրույն, արժանավոր և ուժեղ անհատներ։ Սիրեք Հայրենին, մեր Սուրբ Եկեղեցին, եղեք բարեպաշտ հավատացյալներ ու օրինահարգ քաղաքացիներ։

Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ձեզ՝ ձեր ջերմ հավատքի և եկեղեցանվիրումի համար։ Մաղթում ենք Ձեզ ամենայն բարին և հայցում, որ Բարձրյալն Աստված օրհնի ձեր ընթացքը, պարգևի անսասան և անսպառ հավատք, հույս ու սեր և զորացնի ձեզ բոլոր բարի ձեռնարկներում։

Մեր բարձր գնահատանքն ենք բերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այս ուխտագնացությունը կազմակերպելու համար Հայ Եկեղեցու Երիտասարդական կազմակերպությանց կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանին, թեմերի երիտասարդաց միությունների պատասխանատու քահանա հայրերին, վարչական խորհուրդների անդամներին ու ատենապետերին:

Հայրական մեր պատգամն է ձեզ, որ նույն նախանձախնդրությամբ շարունակեք ներդնել ձեր ջանքերը՝ նորանոր նախաձեռնություններով առավել կենսունակ ու աշխույժ դարձնելու երիտասարդաց միությունների գործունեությունը՝ ի զորացումն Հայրենի մեր Երկրի, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն Քրիստոսասեր մեր ժողովրդի։

Թող Տիրոջ շնորհները, սերն ու խաղաղությունը մշտապես ուղեկից լինեն ազգիս հայոց ի Հայրենիս և ի Սփյուռս. ամեն»։

Օրհնության խոսքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև երիտասարդների հարցերին, որոնք առնչվում էին Հայ Եկեղեցու երիտասարդական ծրագրերին, հովվական գործունեությանը և Եկեղեցու առաքելությանն ի նպաստ երիտասարդների ներգրավվածությանը։

Հանդիպումը եզրափակվեց «Պահպանիչ» աղոթքով, որից հետո երիտասարդները Միածնաէջ Մայր Տաճարում մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին:

դիտվել է 232 անգամ
Լրահոս
Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am