Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան
Որպես զինվորական՝ ես շատ լավ գիտեմ խաղաղության արժեքը, ես տեսել եմ, թե ինչպես են իմ ընկերները զոհվում պատերազմում, ու ինքս էլ դրա համար ծանր գին եմ վճարել, այս մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, գնդապետ, արցախցի հետախույզ Արթուր Ավանեսյանը։
«Մահը այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մեռելի պես ապրելը։ Ինձ համար կա մի հստակ բան՝ հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին։ Այսօր ես էլ այդ փոփոխության պայքարի զինվորն եմ, այնպիսի փոփոխության, որ փրկելու է մարդկանց կյանքը մեր երկրում, այնպիսի փոփոխության, որը կանխելու է պատերազմներ։
Հայաստանն արյամբ է վճարել խաղաղություն ստանալու համար։ Հայաստանն արյամբ է վճարել խաղաղություն ունենալու համար։ Խաղաղությունը վճարվել է հայրենիքի համար զոհված արժանավոր մարդկանց կյանքերի գնով։ Կա միայն մեկ առաջնորդ, ով կարող է ապահովել մնայուն և ուժեղ խաղաղություն։ Դա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն է։ Սամվել Կարապետյանը շատ լավ գիտի, թե ինչպիսի զոհողությունների են գնացել հազարավոր հայեր՝ մեր հողը պաշտպանելու համար։
Սամվել Կարապետյանը օգնության ձեռք է մեկնել հազարավոր հայերի, ովքեր կորցրել են իրենց տները։ Այսօր մենք կանգնած ենք ընտրության առաջ։ Կգնա՞նք վախի և ստորանցման ճանապարհով, թե՞ արժանապատվության և ուժի ճանապարհով։ Մեր ընտրությունը միակն է ու հստակ։ Մենք ընտրում ենք արժանապատվությունը, ընտրում ենք եկեղեցին, ընտրում ենք մեր հայրենիքը»,- ասել է Ավանեսյանը։
