Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու»
Այս շաբաթվա սկզբին՝ ապրիլի 6-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ապա լրագրողների հետ ճեպազրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությունները խիստ վրդովեցրել են իշխող խմբակցությանը, կառավարության անդամներին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Անմիջապես հաջորդ օրը՝ ՔՊ վարչության նիստում, NEWS.am-ի տեղեկություններով, Սարգսյանին կանչել են՝ «հաշիվ պահանջելու» հնչեցրած գնահատականների համար։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավորի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն անցած երկուշաբթի հանձնաժողովում երկրորդ անգամ տապալվեց: Իշխող կուսակցության անդամները նախագծին դեմ քվեարկեցին: Սարգսյան առաջարկում էր փողի դիմաց կարճ ծառայել կամ չծառայել։ Ուշագրավ է, որ անցած տարի կառավարության նիստում այն հավանության էր արժանացել, բայց ԱԺ հանձնաժողովում կրկին մերժվել էր։
Այս անգամ Հայկ Սարգսյանն ավելի մարտական էր տրամադրված։ Ուղիղ մեղադրեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ իր նախագիծը տապալելու համար, անուղղակի քննադատության թիրախներ ուղղեց Ալեն Սիմոնյանին և բաց տեքստով խիստ հանդիմանեց Սուրեն Պապիկյանին՝ բանակում տիրող իրավիճակի և լուրջ բացթողումներ համար։
Հանձնաժողովի նիստի հաջորդ օրը պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ պատասխանեց Պապիկյանի թիմակցին՝ բանակին առնչվող նրա գնահատականներն ապատեղեկատվություն որակելով։ Իսկ արդեն նույն օրը՝ երեկոյան, Հայկ Սարգսյանին վարչությունում են, մեր տեղեկություններով, լուրջ հարցաքննության ենթարկել՝ յուրաքանչյուր հայտարարության վերաբերյալ կոնկրետ հիմնավորումներ պահանջելով։ Թիմակիցներից շատերին նաև լուրջ նյարդայնացրել է Սարգսյանի՝ խմբակցության փակ նիստից որոշ մանրամասներ հրապարակելու հանգամանքը։ Մասնավորապես, երբ նախագիծը խմբակցության հետ փակ քննարկվել է, ըստ Սարգսյանի, իր թիմակիցները նրան ասել են․ «Վարչապետով մեզ սպառնո՞ւմ ես, գալիս, ասում ես՝ վարչապետը կողմ է նախագծին, կողմ քվեարկեք, վերքս վարչապե՞տ ես բերում»։
Հինգշաբթի Փաշինյանը Հայկ Սարգսյանի վերաբերյալ NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց․ «Մարդիկ, ովքեր նման հայտարարություններ են անում ու պարզվում է դրանք սխալ են, պետք է նույնքան քաղաքական կամք ունենան ասելու՝ ժողովուրդ, ինչի մասին խոսում էի, այդքան էլ այդպես չէ»։ Հատկանշական է, որ ավելի վաղ Փաշինյանը շատ ավելի կոշտ էր արձագանքել Սարգսյանին՝ նրան մեղադրելով հնարավոր կոռուպցիոն գործարքների մեջ։ «ՔՊ-ն իր անդամների ոչ կանոնավոր, կոռուպցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու»,- ասել էր նա։
Ի դեպ, Հայկ Սարգսյանի և թիմակիցների միջեւ հակասությունները նոր չեն, դրանց պատճառով էր նաև, որ Հայկ Սարգսյանին վարչության անդամները մերժեցին ընդգրկել նախընտրական ցուցակ։
