ԱՄՆ Կոնգրեսում Սպիտակ տան բժշկին կոչ են արել ստուգել Թրամփի հոգեկան առողջությունը
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջեյմի Ռասկինը Սպիտակ տան բժշկին կոչ է արել ստուգել նախագահ Դոնալդ Թրամփի մտավոր կարողությունները։ Ըստ The Hill պարբերականի՝ նման պահանջի պատճառ են դարձել Իրանի վերաբերյալ նախագահի վերջին հայտարարությունները։
Հրապարակման համաձայն՝ Թրամփի անձնական բժիշկ Շոն Բարբակելային հասցեագրված նամակում քաղաքական գործիչը պնդել է, որ ԱՄՆ նախագահի խոսքերն ու գործողությունները կասկածի տակ են դնում նրա հոգեկան վիճակը։
«Փորձագետները բազմիցս զգուշացրել են, որ նախագահի մոտ նկատվում են դեմենցիային և ճանաչողական խանգարումներին բնորոշ ախտանիշներ։ Վերջին օրերին ողջ երկիրն ականատես եղավ, թե ինչպես են նախագահ Թրամփի հրապարակային հայտարարություններն ու բռնկումները դառնում ավելի անկապ, պայթյունավտանգ, հայհոյախառն, անհավասարակշիռ ու սպառնալից»,- գրել է Ռասկինը։
Փաստաթղթում նշվում է, որ Թրամփի «վիճակի վատթարացումը» մեծ տագնապ է առաջացրել ողջ երկրում՝ կասկածի տակ դնելով նրա մտավոր կարողություններն ու պաշտոնավարման պիտանիությունը։
168.am
