Թուրքիան ջրի պաշարների լուրջ խնդիր ունի. զեկույց
Միջազգային զեկույցի համաձայն՝ գլոբալ տաքացումը, բնակչության աճը և աշխարհաքաղաքական լարվածությունը լուրջ սպառնալիք են ներկայացնում ջրային ռեսուրսների համար։ ԱՄՆ-ում գործող «Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտի» (WRI) զեկույցի համաձայն՝ մինչև 2040 թվականը 33 երկիր, այդ թվում՝ Թուրքիան, կհայտնվեն «ջրի ծայրահեղ բարձր սթրեսի» ռիսկային գոտում։ Թուրքիան այդ ցուցակում զբաղեցնում է 27-րդ տեղը։
Ջրային սթրես– քաղցրահամ ջրի պահանջարկի և առկա պաշարների միջև անհավասարակշռություն, երբ ջրառը գերազանցում է վերականգնվող ռեսուրսները։
Զեկույցում նշվում է, որ ռիսկային ամենաբարձր մակարդակ ունեցող երկրներից 14-ը գտնվում են Մերձավոր Արևելքում, որտեղ ջրի ապահովումը մեծապես կախված է ստորերկրյա պաշարներից և ծովային ջրի աղազերծումից: Փորձագետների գնահատմամբ էլ՝ աճող ջրի պահանջարկը և կլիմայական փոփոխությունների հետևանքով նվազող ջրային պաշարները ստեղծում են լուրջ խնդիր։
Վերջիններս ահազանգում են նաև «զրոյական օրվա» վտանգի մասին, երբ ջրամատակարարումը կարող է ամբողջությամբ դադարել։ Ներկայումս աշխարհում մոտ 4 միլիարդ մարդ տարվա առնվազն մեկ ամիսն ապրում է ջրի բարձր սակավության պայմաններում։ Ըստ միջազգային կառույցների՝ ջրի անվտանգությունը պահանջում է արդյունավետ կառավարում, ենթակառուցվածքների զարգացում և կայուն օգտագործում՝ կանխելու սպասվող ճգնաժամը։
Ermenihaber
