Այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ընդհանուր իրադրությունն անկանխատեսելի է. Գանտահարյան
Լիբանանում այս պահին տիրող իրավիճակը՝ ի տարբերություն նախօրեի՝ համեմատաբար հանգիստ է․ հայերի շրջանում մարդկային կամ նյութական վնասներ չեն գրանցվել։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Միջազգայնագետ, Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ ներկայացնելով Լիբանանում, մասնավորապես, Բեյրութում այս պահի տիրող իրավիճակը։
«Այսօր իրավիճակը համեմատաբար ավելի հանգիստ է, իսկ հայ համայնքի դեպքում մարդկային կամ նյութական վնասներ չկան, սակայն մթնոլորտը ճնշող է և լարված»,-ասաց Շահան Գանտահարյանը։
Նա նշեց, որ նախօրեին Լիբանանի ամբողջ տարածքն Իսրայելի կողմից ենթարկվել է աննախադեպ ռմբակոծության։
«Այս պահին իրադրությունը համեմատաբար հանգիստ է, սակայն դեռևս անկանխատեսելի իրավիճակ է»,-ասաց Գանտահարյանը։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 8-ին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը ամբողջ երկրում հասել է 203-ի, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է։
Տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ դատապարտել են Լիբանանի վրա Իսրայելի հարձակումները։
Լիբանանի կառավարությունն ապրիլի 9 հայտարարել է ազգային սգո օր՝ ի հիշատակ իսրայելական ավիահարվածների զոհերի։
